Թուրքիայի ԵՄ հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը հույս ունի, որ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը նոր էջ կբացի թուրք-ֆրանսիական հարաբերություններում: Այս մասին նա հայտարարել է France-Presse գործակալությանը տված հարցազրույցում, հավելելով, որ Անկարան նաեւ հույս ունի, որ Օլանդն, ի տարբերություն Սարկոզիի, կաջակցի Թուրքիայի ԵՄ անդամակցությանը:

Նրա խոսքով, Ֆրանսիան կարող է Թուրքիայի ԵՄ անդամակցության առաջատարը լինել:

Ինչպես հաղորդում է գործակալությունը, իր հայտարարություններում Օլանդը նշել է, որ Թուրքիան Եվրամիության անդամ չի դառնա առաջիկա 5 տարիներին, քանի որ ԵՄ անդամակցության ճանապարհն ավելի երկար է:

Հիշեցնենք, որ սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը նախագահ է դարձել ընտրություններում հաղթելով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին: