«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը Ազգային ժողովի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ մտադիր է կենտրոնանալ քաղաքական գործունեության վրա և խորհրդարանական աշխատանքը համարում է հանրային նշանակության հարցերում լուծումների հասնելու հնարավորություն:

Պատասխանելով թիմի ներսում տրամադրությունների և հետագա քայլերի մասին հարցին՝ Վարդևանյանն ասել է, որ կուսակցությունում պահպանվում են վճռականությունն ու ծրագրերն իրականացնելու պատրաստակամությունը:

«Տրամադրությունը տեղում է, վճռականությունը՝ տեղում, մեր ծրագրերն իրականացնելու վճռականությունը՝ նույնպես։ Կարծում եմ՝ առաջիկայում մեր ուժը հասարակությանը հայտարարություն կներկայացնի նաև այս հարցով։ Այսօր խմբակցության նիստ ենք անցկացնելու, որի շրջանակում կքննարկենք նաև նման հարցեր»,- ասել է նա:

Մեկնաբանելով խորհրդարանում հնարավոր կադրային որոշումները, այդ թվում՝ մշտական հանձնաժողովներում և Ազգային ժողովի այլ կառույցներում պաշտոնների հարցը, Վարդևանյանը նշել է, որ կուսակցությունը դեռ չի բացահայտում իր դիրքորոշումը:

«Մենք դեռ չենք հայտնել մեր դիրքորոշումը մշտական հանձնաժողովների կոնկրետ ընտրության վերաբերյալ, այդ թվում՝ ելնելով նրանից, որ դրանից կախված կարող է փոխվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարտավարությունը։ Եկեք այս մասով պահպանենք մեր մարտավարական մոտեցումը»,- հայտարարել է նա:

Լրագրողները Վարդևանյանին հարցրել են նաև, թե արդյոք նրա որոշումը նշանակում է հրաժարում փաստաբանական գործունեությունից: Նա պատասխանել է, որ մտադիր է անել այդ քայլը, թեև որոշումը հեշտ չի տրվել:

«Կկարողանամ։ Ես հենց այդպես եմ տրամադրված։ Այս որոշումը շատ դժվարությամբ է ընդունվել, բավական բարդ էր։ Վերջին դատական նիստը հատկապես ծանր էր, երբ մեր գործընկեր Ալիկ Ալեքսանյանը, որն ակնհայտորեն ենթարկվում է քաղաքական հետապնդման, շարունակեց մնալ կալանքի տակ»,- ասել է Վարդևանյանը:

Ըստ նրա, դատական նիստի ընթացքն իր մոտ լուրջ հարցեր է առաջացրել:

«Դատական նիստի և՛ ձևը, և՛ բովանդակությունը, մեղմ ասած, շատ վատն էին։ Դա դժվար էր։ Բայց, մյուս կողմից, իրական լուծում ստանալու համար, այդ թվում՝ քաղաքական հետապնդումների տեսանկյունից, անհրաժեշտ է քաղաքական որոշում։ Իսկ քաղաքական որոշման տեսանկյունից այս շենքը կարող է օգտակար լինել»,- նշել է նա՝ նկատի ունենալով խորհրդարանը:

Վարդևանյանը միաժամանակ ընդգծել է, որ միայն Ազգային ժողովում ներկայությունը բավարար չէ նպատակներին հասնելու համար:

«Իհարկե, միայն այս շենքը բավական չէ։ Ակնհայտ է, որ անհրաժեշտ է միաժամանակ իրականացնել տարբեր մոտեցումներ, այնպես, ինչպես հայտարարել էր մեր ուժը»,- հայտարարել է նա:

Խոսելով խորհրդարանի դերի մասին՝ Վարդևանյանը նշել է, որ Ազգային ժողովը պետք է օգտագործի իր հնարավորությունները քաղաքացիների խնդիրները լուծելու համար:

«Մենք պետք է փորձենք Ազգային ժողովի գործունեությունն ուղղել մեր հասարակության խնդիրների լուծմանը։ Դա առաջնահերթ է։ Ազգային ժողովն, իհարկե, մեր ժողովրդի ներկայացուցչական մարմինն է և պետք է արտացոլի ժողովրդի տրամաբանությունն ու մոտեցումները։ Սա ինչ-որ տեղ ակնհայտ է, նույնիսկ՝ պարզունակ, բայց անհրաժեշտ է բարձրաձայնել և քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»,- եզրափակել է նա: