«Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի Ազգային ժողովը պետք է առաջին հերթին զբաղվի քաղաքացիների շահերի պաշտպանությամբ և գործի «արժանապատվության ու կոռեկտության» շրջանակում:

Պատասխանելով խորհրդարանում հետագա աշխատանքի և սպասվող քննարկումների մասին հարցերին՝ նա նշել է, որ դրական է տրամադրված: «Շատ լավ, շատ լավ»,- պատասխանել է նա նոր աշխատանքից առաջ իր տրամադրվածության մասին հարցին:

Ըստ պատգամավորի, ընտրությունների արդյունքներն արդեն արտահայտել են Հայաստանի քաղաքացիների դիրքորոշումը, և խորհրդարանը պետք է հաշվի առնի այդ մանդատը։ «Կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին արդեն ասել է իր խոսքն այս ընտրություններում, և խորհրարանի գլխավոր նպատակը պետք է լինի ՀՀ քաղաքացիների շահերին ծառայելը։ Եվ դա անել արժանապատվության, պարկեշտության և քաղաքավարության նորմերի շրջանակում, ինչի կոչն էլ անում եմ բոլորին»,- հայտարարել է Ալեքսանյանը:

Մեկնաբանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում ընդունված որոշումները՝ պատգամավորը նշել է, որ համապատասխան հարցերը քննարկվել են ոչ թե կուսակցության վարչության, այլ խմբակցության նիստում։ «Կներեք, դա խմբակցության նիստ էր, և խմբակցության նիստի ընթացքում ընդունվել են որոշումներ, որոնք դե յուրե պետք է ընդունի հենց խմբակցությունը»,- ասել է նա:

Ալեքսանյանը նաև պարզաբանել է խորհրդարանական խմբակցությունում ղեկավար պաշտոնների հաստատման ընթացակարգը։ Ըստ նրա, կուսակցության վարչությունը պաշտոնում նշանակման վերջնական որոշում չի կայացնում, այլ միայն թեկնածու է առաջադրում, ինչից հետո խմբակցությունը կարող է հաստատել կամ մերժել այն: «Վարչության որոշումը ձևակերպվում է ոչ թե որպես ինչ-որ մեկի ընտրություն տվյալ պաշտոնում, այլ որպես թեկնածության առաջադրում խմբակցության համար։ Խմբակցությունը կարող է դա հաստատել կամ չհաստատել»,- նշել է պատգամավորը: