Մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն, համամասնական ընտրակարգով ամենաշատ մանդատները կունենա Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Ինչպես այսօր՝ մայիսի 13-ին, ԿԸՀ արտահերթի նիստում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, համամասնական ընտրակարգով մանդատները բաշխվել են հետեւյալ կերպ.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 28 մանդատ

«Ժառանգություն» կուսակցություն – 5 մանդատ

Հայ ազգային կոնգրես – 7 մանդատ

Հայ հեղափոխական դաշնակցություն – 5 մանդատ

Հայաստանի հանրապետական կուսակցություն – 40 մանդատ

«Օրինաց երկիր» կուսակցություն» - 5 մանդատ

Ըստ Մուկուչյանի, այս համամասնությունը որոշվել է Ընտրական օրենսգրքով սահմանված կանոնակարգի համաձայն, որտեղ նշվում է մանդատների բաշխման սկզբունքը:

ԿԸՀ  նախագահը նշեց նաեւ, որ առաջիկայում ԿԸՀ-ն կհանձնի պատգամավորների մանդատները եւ կհայտարարի Ազգային ժողովի առաջին նիստի օրը:

Լրագրողների հետ զրույցում Տ. Մուկուչյանը տեղեկացրեց, որ մինչեւ ԱԺ առաջին նիստի օրը հաղթած թեկնածուները կարող են ինքնաբացարկ հայտնել եւ հրաժարվել մանդատներից, ուստի այս պահի դրությամբ հայտնի չէ, թե ովքեր են պատգամավոր դարձել:

Յուրաքանչյուր ինքնաբացարկից հետո, նրան կփոխարինի տվյալ համամասնական ցուցակում հաջորդ թեկնածուն:

Ըստ նրա, այս պահից սկսած ինքնաբացարկները կարող են ներկայացվել ԿԸՀ: