ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) դիմել է ամերիկացի ռազմական վերլուծաբաններին՝ խնդրելով Իրանին «պատժելու արտասովոր եղանակներ» մտածել: Այս մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնում է CNN հեռուստաընկերությունը:
«Մենք Իրանին պատժելու և նրա վրա ճնշում գործադրելու նոր, ստեղծարար և ոչ ստանդարտ եղանակներ ենք փնտրում», — ասված է CENTCOM-ի հետախուզական ստորաբաժանման ուղարկած էլեկտրոնային նամակում:
Ըստ հեռուստաալիքի՝ նման քայլը վկայում է այն մասին, որ ամերիկյան վարչակազմին Իրանի նկատմամբ գործողությունների սահմանափակ տարբերակներ են մնացել, որոնցից մի քանիսը գնահատվում են որպես անընդունելի: Fox News-ի զրուցակիցներից մեկը հայտարարել է, որ CENTCOM-ը պատրաստ է դիտարկել բոլոր նոր գաղափարները: Զինվորականներն ընդունում են, որ Իրանի հարցով ռազմավարությունը վերանայման կարիք ունի:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները և Իրանը օգոստոսի 3-ին կանցնեն խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին։ Բացի այդ, Թրամփը Truth Social-ում գրել էր, որ Թեհրանի հետ համաձայնության հասնելու համար, ԱՄՆ-ն համաձայնել է չեղարկել հանրապետությանն հասցվելիք նախանշված հզոր հարվածը։ Նախագահի խոսքով՝ Իրանը և Մերձավոր Արևելքի մի շարք պետություններ խնդրել են Վաշինգտոնին զերծ մնալ հարձակումից, քանի որ կողմերն արդեն ուրվագծել են ապագա համաձայնագրի շրջանակները։ Ինչպես նշել է Թրամփը, այն պետք է ներառի Հորմուզի նեղուցի անհապաղ բացումը և իրանական միջուկային սպառնալիքի վերացումը։





























