ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից տեղեկացնում են, որ փորձելով արդարացնել մայիսի 10-ին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի (ԱԽ) հակաահաբեկչության հարցերով զբաղվող կոմիտեների զեկույցների քննարկման ժամանակ Ադրբեջանի, որպես նիստի նախագահողի,  անընդունելի գործելաոճը, ադրբեջանական կողմը լրատվամիջոցների միջոցով  տարածել է հերթական սուտը, ձեւացնելով թե իբրեւ չի խախտել ԱԽ ընթացակարգի կանոները:

Այս առթիվ Հայաստանի ներկայացուցչությունը նշում է, որ մայիսի 10-ի առավոտյան (եւ ոչ նիստն ավարտելուց միայն մի քանի րոպե առաջ, ինչպես որ փորձում է ներկայացնել ադրբեջանական կողմը) ԱԽ ընթացակարգի կանոնների 37-րդ կետի համաձայն հայկական կողմը գրավոր եւ այնուհետեւ բանավոր ձեւով պահանջել է ելույթ ունենալու իր իրավունքը: Ադրբեջանը խախտելով ընթացակարգը մերժել է այդ պահանջը, որի արդյունքում էլ Հայաստանի պատվիրակությունը դիմել է ԱԽ անդամներին` մատնանշելով, որ ադրբեջանական նախագահությունը խախտում է ընթացակարգի վերը նշված կետը, որի համաձայն ԱԽ անդամ չհանդիսացող երկիրը կարող է նիստում ելույթ ունենալ ԱԽ անդամների որոշմամբ, այլ ոչ թե նախագահողի քմահաճույքով:

Այս առթիվ ԱԽ անդամները սկզբում բացատրել, իսկ այնուհետեւ ստիպել են Ադրբեջանին ենթարկվել ընթացակարգին եւ ելույթի համար խոսք տալ Հայաստանի ներկայացուցչին: Վերջինս էլ այդ օրն իր խոսքը սկսել է շնորհակալություն հայտնելով ԱԽ անդամներին ելույթի հնարավորության համար:

Համաձայն ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչության, ԱԽ ընթացակարգի կանոններին չտիրապետելու արդյունքում մայիսի 10-ին տեղի ունեցած այս միջադեպով, մայիսի 3-ին մամուլի ներկայացուցիչների հետ Ադրբեջանի ներկայացուցիչների ոչ կոմպետենտ հանդիպումով, ինչպես նաեւ Ի. Ալիեւի մայիսի 4-ի ՄԱԿ-ում ունեցած տխրահռչակ ելույթով Ադրբեջանն ԱԽ-ում դեռ իր նախագահության շրջանը չավարտած, արդեն հասցրել է մեծապես  հիասթափեցնել անդամ երկրներին, ՄԱԿ-ի քարտուղարությանն ու լրատվամիջոցներին: