Սեուտա ինքնավար քաղաքում միգրանտների զանգվածային հոսքի կապակցությամբ Manos Limpias կազմակերպությունն Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսի, ինչպես նաև ներքին գործերի և պաշտպանության նախարարներ Ֆեռնանդո Գրանդե-Մարլասկայի և Մարգարիտա Ռոբլեսի դեմ բողոք է ներկայացրել Գերագույն դատարան։ Այս մասին հայտնում է La Razon պարբերականը։
Պարբերականի տեղեկություններով՝ կազմակերպությունում կարծում են, որ վարչապետն ու նախարարները լուրջ անփութություն են դրսևորել և Սեուտայում տիրող միգրացիոն ճգնաժամի ֆոնին չեն կանխել պետության անկախության ու ինքնիշխանության դեմ ուղղված հանցագործությունը։ «Այստեղ կա մեկ տուժող, և դա Իսպանիան է»,- նշում է Manos Limpias-ը։ Ըստ կազմակերպության՝ մաֆիոզ խմբավորումներն ունեն միգրանտների ապօրինի տեղափոխման մշակված սխեմաներ, սակայն ի զորու չեն «ներխուժում» կազմակերպել։ Manos Limpias-ը հիմնադրվել է 1995 թվականին՝ որպես երկրի պետական ծառայողների շահերը ներկայացնող կազմակերպություն։ Այն Իսպանիայում հայտնի է դարձել տեղական քաղաքական գործիչների գործունեությանն առնչվող ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ իր բացահայտումների և դրանց՝ մամուլում լայնորեն լուսաբանվելու շնորհիվ։
Հուլիսի վերջին տասնյակ հազարավոր ապօրինի միգրանտների հաջողվել էր հասնել ինքնավար քաղաք լողալով, ինչպես նաև ոտքով՝ շրջանցելով քաղաքը Մարոկկոյից բաժանող ալեհատը։ Ճգնաժամի ֆոնին Իսպանիայի իշխանությունները որոշել են բնակավայրում անվտանգությունն ապահովելու նպատակով ներգրավել բանակը։ Իսպանիայի կառավարության տվյալներով՝ Սեուտա հասնելու ճանապարհին առնվազն 72 մարդ է զոհվել, մինչդեռ Ռաբաթը հայտնել է 11 զոհի մասին։ Ենթադրվում է, որ միգրանտների ճնշող մեծամասնությունն արդեն վերադարձել է Մարոկկո։
Իսպանիայի կառավարությունում առկա աղբյուրների փոխանցմամբ՝ մարդկանց ապօրինի տեղափոխմամբ զբաղվող ցանցերը սոցիալական հարթակների և մեսենջերների միջոցով ավելի վաղ տարածել էին Գերագույն դատարանի վերջին որոշման խեղաթյուրված մեկնաբանությունը՝ համոզելով մարդկանց, թե Սեուտա հասած բոլոր անձանց կթույլատրվի մնալ Իսպանիայում։




























