NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է ամերիկյան «Slate» ամսագրում հրապարակված Վաշինգտոնի համալսարանի անթրոպոլոգ Սառա Կենդզիորի եւ հաղորդակցության ոլորտի փորձագետ Քեթի Փիրսի հոդվածը.

Ադրբեջանը` նախկին խորհրդային հանրապետությունը,  մայիսի 22 –ին ընդունելու է «Եվրատեսիլ» երգի ամենամյա մրցույթը:

Ադրբեջանի կառավարությունն ավելի քան 700 մլն դոլար է ծախսել գովազդի եւ ենթակառուցվածքների վրա` լավագույն կերպով ներկայանալու համար: Սակայն այն ժամանակ, երբ աշխարհն իր համար կբացահայտի Ադրբեջանը, այս երկրի կառավարությունն անում է հնարավորը իր քաղաքացիներին արտաքին աշխարհի հետ շփումից հեռու պահելու համար: Վերջին մի քանի տարվա ընթացքում ԶԼՄ-ներով ագրեսիվ արշավ է իրականացվում ընդդեմ ինտերնետի: Սոցիալական մեդիան դարձել է հանցավորության, պետական դավաճանության, շեղվածության հոմանիշ: Հեռուստածրագրերով «ընտանեկան ողբերգություններ» եւ «քրեական միջադեպեր» են ցուցադրվում այն բանից հետո, երբ երիտասարդությունը միանում է «Facebook»-ին եւ  «Twitter»-ին: 2011թ. մարտին երկրի գլխավոր հոգեբույժը հայտարարել էր, թե սոցիալական մեդիայից օգտվողները տառապում են հոգեկան խանգարումներով: 2011թ. մայիսից Ադրբեջանը քննարկում է սոցիալական մեդիայի օգտագործման սահմանափակման մասին օրենքը` հղում կատարելով հասարակության վրա դրա կործանարար ազդեցությանը:

Սոցիալական մեդիան դարձել է կարեւոր քաղաքական հարց` չնայած նան, որ ադրբեջանցիների 78%-ը երբեք չի օգտվել ինտերնետից,  օրական միայն  7%-ն է օգտվում ինտերնետից եւ միայն 7% -ը, որոնք գրեթե բոլորը բարձրագույն կրթությամբ տղամարդիկ եւ հարուստներ են, «Facebook»-ից:

Ադրբեջանը ԶԼՄ-ների գրաքննության երկար պատմություն ունի` սկսած խորհրդային շրջանից: Սակայն 1991թ. անկախությունից հետո քիչ բան է փոխվել: Գրեթե բոլոր ԶԼՄ-ները պատկանում են կամ վերահսկվում են պետության կողմից: Փոքրաթիվ ընդդիմադիր լրագրողները ենթարկվում են հետապնդումների, ֆիզիկական բռնության, ազտազրակման եւ անգամ զոհվում են:

Ավտորիտար պետությունների մեծ մասը ինտերնետին վերաբերվում են այնպես, ինչպես տպագիր ԶԼՄ-ներին` այն ենթարկում են գրաքննության: Բայց Ադրբեջանն ավելի նենգ ճանապարհ է ընտրել: Նա ամբողջությամբ չի զտում կամ արգելափակում ինտերնետը, դրա փոխարեն այն բաց է թողնում` թույլ տալով կառավարությանը առավել արդյունավետ վերահսկել  եւ պատժել խռովարար գործունեության համար:  2010 թ-ին երկու ակտիվիստներ ձերբակալվել էին` «YouTube»-ում կառավարության շռայլության մասին երգիծական բնույթի տեսանյութ տեղադրելու համար:

Հասկանալու համար, թե որքան հաջող է եղել Ադրբեջանի արշավը սոցիալական մեդիայի դեմ, պետք է միայն Ադրբեջանին համեմատել իր ավելի աղքատ, բայց ավելի ժողովրդավարական հետխորհրդային հարեւանների` Հայաստանի եւ Վրաստանի հետ: Ադրբեջանը նրանցից զգալի ետ է մնում ինտերնետի օգտագործման առումով` չնայած որ ինտերնետի միացման արժեքով եւ համակարգիչների թվով գրեթե նույն ցուցանիշներն ունի, ինչ հարեւանները:

Հայաստանում եւ Վրաստանում բնակչության 20%-ն ամեն օր օգտվում է ինտրենետից, այն դեպքում, երբ Ադրբեջանում այդ թիվը  7% է: Հայաստանում եւ Վրաստանում  տնային տնտեսությունների համապատասխանաբար  40 եւ 33 տոկոսը համակարգիչ ունեն, Ադրբեջանում` միայն 15%-ը: Հայաստանում եւ Վրաստանում տնային տնտեսությունների համապատասխանաբար 35 եւ 29 տոկոսն ապահովված է ինտերնետով, Ադրբեջանում` միայն 11% -ը:

Ադրբեջանցիները հպարատանում են, որ իրենց երկիրն ընդունում է «Եվրատեսիլը»: Մրցույթը խորհրդանշում է այն, որ Ադրբեջանը երկրորդական երկիր չէ, այլ համաշխարհային արենայի խաղացող: Բայց այն ժամանակ, երբ աշխարհի լուսարձակները կլուսավորեն Ադրբեջանը, նրա քաղաքացիներն ավելի շատ կհայտնվեն մթության մեջ` եւ ոչ միայն ինտերնետի առումով: