Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, այսօր` մայիսի 14-ին տեղի կունենա ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւի մրցանակաբաշխության հանձնաժողովի ամենամյա ավանդական հանդիպումը մրցանակաբաշխության հավակնորդների հետ:

Այս տարի ՀՊՃՀ-ում կազմակերպված հանդիպմանը ներկա կլինեն մրցանակաբաշխությանը մասնակցող բուհերի` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ), Երեւանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի եւ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի համապատասխան ֆակուլտետների ուսանողները, ինչպես նաեւ ՀՊՃՀ-ի Երեւանի ավագ դպրոցի, ԵՊՀ-ին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցի, «Քվանտ» վարժարանի, Երեւանի «Անանիա Շիրակացի» ճեմարանի, Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի, Վանաձորի «Էվրիկա» վարժարանի եւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսանողներն ու աշակերտները:

Մրցանակաբաշխության հիմնական նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում լավագույններին ճանաչելն ու խրախուսելն է:

Նախագահական ամենամյա մրցանակաբաշխությունը ֆինանսավորվում է Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի կողմից:

Պարգեւները շնորհվում են բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողներին, ովքեր ակտիվորեն մասնակցում են ՏՏ ոլորտի եւ բնական գիտություններից տարբեր օլիմպիադաների եւ մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ եւ այլ տաղանդներ, ինչպես նաեւ ներգրավված են սոցիալական ծրագրերում:

2012թ. նախատեսված են հետեւյալ անվանակարգերը.

- Գլխավոր մրցանակ

- Լավագույն ասպիրանտ (I եւ II կարգեր)

- Լավագույն մագիստրանտ (I եւ II կարգեր)

- Լավագույն բակալավր (I եւ II կարգեր)

- Լավագույն սփյուռքահայ մասնակից

- Լավագույն ուսանողուհի

- Լավագույն աշակերտ

Մրցանակաբաշխությունը կանցկացվի հուլիսին, իսկ հաղթողները կպարգեւատրվեն հոկտեմբերին 1-ին: Յուրաքանչյուր հաղթող կստանա դիպլոմ, դրամական պարգեւ մինչեւ1200 դոլարին համարժեք դրամ եւ ՏՏ ոլորտը խորհրդանշող հուշախորհրդանիշ:

Անցած յոթ տարիների ընթացքում 201 ուսանող եւ աշակերտ արժանացել են այս պարգեւին: