Շվեդիայի Հալմստադ քաղաքի լարային անսամբլն այսօր` մայիսի 14-ի հանդես կգա Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդ համալիրում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Հալմստադի երաժշտական դպրոցի տնօրեն Ուլֆ Ֆեմբրոն` հավելելով, որ համերգի ընթացքում հնչելու են ինչպես արտերկրի, այնպես էլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Հալմստադի լարային համույթը բաղկացած է 14-19 տարեկան 24 երաժիշտներից: Նվագախումբը աշխարհին ներկայացնում է բարոկկոյից մինչեւ ժամանակակից երաժշտությունն ընդգրկող իրենց երգացանկը: Համույթը նաեւ համերգներ կունենա Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում` մայիսի 16-ին, եւ Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում` մայիսի 17-ին:

Խոսելով Հայոց ցեղասպանության մասին` Հալմստադի երաժշտական դպրոցի տնօրենը նշել է, թե իրենց համար որպես ժողովուրդ շատ տարօրինակ է, որ Շվեդիան Ցեղասպանությունը ճանաչել է բավական ուշ: «Բայց ուրախ ենք, որ պետականորեն այն ընդունվեց»,- նշել է նա: