Հայաստանում հրատարակվել է ադրբեջաներենի առաջին դասագիրքը: Այն անցել է համապատասխան փորձաքննություն, երաշխավորված է Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի կողմից: Ինչպես հավաստիացնում է ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, այս դասագիրքն ունի ակադեմիական մակարդակ եւ համապատասխանում է ԲՈւՀ-ական դասագրքերի համար ներկայացված չափանիշներին: Թուրքագետն ընդգծում է, թե դասագիրքը պետք է ուսանեն հատկապես թուրքագետները, պատմության ֆակուլտետի ուսանողները:
Ադրբեջաներեն դասագրքի հեղինակ Լիլիթ Մովսիսյանը վստահեցնում է, որ գիրքը շատ չեզոք է եւ լեզվի ուսուցանման տեսակետից բավականին հագեցած: Եթե Ադրբեջանում հայագիտությունը գտնվում է խիստ քարոզչական եւ քաղաքականացված վիճակում, ապա Հայաստանում ձեւավորվող ադրբեջանագիտությունն ունի ավելի գիտական եւ ակադեմիական մակարդակ: «Մենք սրան վերաբերվում ենք որպես գիտություն, ուսումնասիրում ենք հարեւան երկրի լեզուն, գրականությունը պատմությունը»,- հավելել է Ռ. Մելքոնյանը:
Նշենք, որ վերջին տարիներին Հայաստանում ադրբեջանագիտության ուսուցման ուղղությամբ արվում են որոշակի քայլեր: Արդեն չորս տարուց ավել է ԵՊՀ-ում դասավանվում են Ադրբեջաներեն լեզու, Ադրբեջանի պատմության հիմնահարցեր, Ադրբեջանի գրականություն առարկաները:
Դասագրքի լույսընծայումը հովանավորել է «Արցախ բանկը»:
Լիլիթ Մանուկյան


























