Օգոստոսի 10-ին, երեկոյան ժամը 21:15-ի շրջանում ահազանգ ստացվեց, որ ընդունարանում շտապօգնության մեքենայով և ոստիկանների ուղեկցությամբ նորածին է ընդունվել։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 11–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արմենիա ԲԿ ծննդատան փոխտնօրեն, նորածնային ծառայության ղեկավար Արշակ Ջերջերյանը՝ անդրադառնալով երեկ Բալաբյան փողոցում թիթեղների տակ նորածին երեխա հայտնաբերվելու դեպքին։
«Անմիջապես նորածնի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկը ներքև է իջնում երեխային զննելու, գնահատում է երեխայի վիճակը ծանր, առաջին հերթին հիպոթերմիա։ Երեկ, ցավոք սրտի, երեկոն բավական զոհ էր և երեխայի ջերմաստիճանը իջել է մինչև 30 աստիճան, ինչը կրիտիկական է նորածինների համար, հատկապես նոր ծնված նորածինների համար։
Բացի շնչառական անբավարարությունից, որը տանելի բան է, բայց հիպոթերմիան հենց բավական վտանգավոր նշան է նորածնի համար։ Ջերմաստիճանը իջել էր մինչև 30 աստիճան։ Ասեմ, որ չի կարելի երեխային միանգամից տաքացնել, պրոտակոլ կա, որ այդտեղ պետք է ժամում կես աստիճանով մարմնի ջերմաստիճանը տաքացնելով, աստիճանաբար հասցնել նորմալ թվերի։ Հիմա երեխայի ջերմաստիճանը նորմալ է՝ 36.7, շնչական անբավարարություն ունի, դրա կապակցությամբ հատուկ սիպա–ապարատի տակ է։
Մեզ համար շարքային նորածին է»,–ասաց նա։
Բժիշկը տեղեկացրեց, որ իրենց տվյալներով պորտալարը կապել են նրանք, որոնք գտել են երեխային. «Երբ ծննդատուն է ընդունվել, արդեն պորտալարը թանզիֆով կապված է եղել, բայց կտրված չի եղել։ Այսինքն մոտավորապես 25 սմ դեռ կար։ Մենք վստահորեն կարող ենք ասել, որ ծնվել է ամսի 10-ին։ Պորտալարի թարմությունից դատելով, կարելի է մտածել, որ 3-6 ժամ առաջ է ծնվել։ Վստահորեն, կարող ենք ասել, որ երեխան բուժհիմնարկում չի ծնվել»։
Հարցին՝ երեխայի կյանքի վտանգ սպառնո՞ւմ է, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ։ Մի քիչ վաղաժամ է ծնվել, 36 շաբաթական, մեր հաշվարկներով։ Զարգացման արատներ չենք տեսնում, բռնության հետքեր չկան։ Երեխան 2550 գրամ քաշ ունի, 40 սմ երկարություն։ Նորածինը շնչում է ինքնուրույն, մենք օգնում ենք, որ երեխան ավելի ազատ շնչի։ Դա կտևի երևի 3-4 օր»։
Ինչ վերաբերում է երեխային անվանակոչելուն, բժիշկն ասաց. «Անունը մենք չենք դնելու, անունը սոցիալական ծառայություններն են դնելու։ Հենց նոր ճանապարհեցինք իրենց, իրենք եկան, ընկեցիկության մասին ակտ կազմվեց, քանի որ ծնողները պարզ չեն գոնե այս պահին։ Բուժումը ավարտելուց հետո երեխան կգնա մանկատուն։ Եթե որևէ բարդություն չառաջանա, բուժումը կտևի 20-22 օր, բայց դարձյալ դա մեր համար շատ անկանխատեսելի թվեր են»։











