Ադրբեջանի Զաքաթալայի շրջանում, այսօր` մայիսի 15-ին, 3,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Ցնցումներն արձանագրվել են Երեւանի ժամանակով 04:30-ին, Զաքաթալա քաղաքից 3 կմ դեպի հարավ: Հիպոկենտրոնը գտնվել է 14 կմ խորության վրա: Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան, հաղորդում է «Կավկազսկի ուզելը»:
Ադրբեջանի Զաքաթալայի շրջանում արդեն մեկ շաբաթից ավելի է, որ պահպանվում է սեյսմիկ ակտիվությունը: Առաջին ամենաուժեղ երկրաշարժը գրանցվել էր մայիսի 7-ի առավոտյան, որին հետեւել էին տասնյակից ավելի հետցնցումներ:
Երկրաշարժերի արդյունքում ավերվել է շուրջ հազար շենք: Նախնական տեղեկություններով, շուրջ 400 ընտանիք մնացել են անտուն:



























