Ֆրանսիայի Վեզեր դաշտավայրի Աբրի Կաստանե քարանձավում արված պեղումների ընթացքում հնագույն ժայռապատկերներ են գտնվել: Հնագետները ենթադրում են, որ դրանց տարիքը կարող է Շովե քարանձավի հայտնի նկարներից հին լինել, որոնք պաշտոնապես ճանաչվել են իրենց տեսակի մեջ հնագույնը:
Քարանձավում, որը հավանաբար Օրինյակյան դարաշրջանի (մ.թ.ա. 40.000 - 28.000թթ.) որսորդների համար ծառայել է որպես բնակավայր, պեղումներ կատարելիս առաստաղից պատահաբար նկարազարդ սալիկ է ընկել: Օգտագործելով ռադիոածխածնային վերլուծության առաջադիմական մեթոդներ` հետազոտողները պարզել են, որ գտածոյի տարիքը նվազագույնը 37 հազար տարի է:
Գիտնականների կարծիքով` հնագույն ժայռապատկերներում արտացոլված են կանացի սեռական օրգաններ, գրում է Mignews-ը:
Առավել հստակ երեւացող պատկերում վերացական ոճի ձվաձեւ պատկեր է` գծիկով, որը շատ նման է Օրինյակյան դարաշրջանի գեղանկարչական այլ նմուշների, որոնք ավանդաբար վերծանվում են որպես կանացի սեռական օրգաններ:
«Կարելի է պատկերացնել, թե ինչ խորհրդավոր երեւույթ էր ծննդաբեությունը բժշկական գիտությունից զուրկ այդ մարդկանց համար»,-ասել է Ռենդալ Ուայթը` Նյու Յորքի համալսարանի մարդաբանության ամբիոնի պրոֆեսորը, ով գլխավորել է հետազոտությունը:




























