«Երեկ շատ խոսվեց համակարգային կոռուպցիայի մասին, և ես եկել եմ մի փոքր խոսելու այդ մասին», օգոստոսի 13-ին Ազգային ժողովի նիստում՝ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

ԱԺ ամբիոնից ցուցադրելով Գևորգ Սաղոյանի լուսանկարները՝ նա հայտարարեց, որ Գագիկ Խաչատրյանի՝ Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարման տարիներին վերջինս աշխատել է ՊԵԿ վերահսկողության վարչությունում, իսկ այսօր «համատեղության կարգով» իշխող «ՔՊ» կուսակցության համամասնական ցուցակի 122-րդ համարն է։

Ընդդիմադիր պատգամավորը պատմեց, որ Գևորգ Սաղոյանը Homplex Mall առևտրի կենտրոնի սեփականատիրոջ ընկերն է, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի ընկերը։

«Պարզվում է՝ Գևորգ Սաղոյանը բավականին համեստ մարդ է։ Անցյալ տարի նա, ըստ հայտարարագրի, 230 միլիոն դրամ է ստացել Basic Investment & Development ընկերությունից և ևս 60 միլիոն՝ չգիտեմ որտեղից, ինչպես նաև 7,5 միլիոն դրամ՝ որպես ավանդների տոկոսավճար: Նա ունի 37 հազար 200 դոլար և 44 հազար 700 եվրո։ Ապրում է փոքրիկ, համեստ տանը՝ ընդամենը 510 քառակուսի մետր մակերեսով: Ձեզ գոհացնո՞ւմ է այս իրավիճակը: Ամեն ինչ նորմա՞լ է, լա՞վ է։ Եվ սա մի մարդ է, որը հիմա «ՔՊ»-ի ակնառու ներկայացուցիչ է, որը 500 հազար դրամ աշխատավարձ է ստանում...

Պարզվում է՝ նա ՊԵԿ կոռուպցիոն բուրգի հիմնական հենասյուներից մեկն է եղել։ Եթե ասում եք, որ նա կոռումպացված թալանչի է, ապա ինչո՞ւ եք նրա հետ գրկախառնված նկարվում։ Ստացվում է՝ ով ընդունել է ձեր կրոնը, իր հետ հաշտ եք, կապ չունի՞, որ թալանչի էուրեմն նրա հետ ամեն ինչ կարգի՞ն է։ Կամ եթե նա դրել է ձեր գլխարկն ու նկարվել ձեր ավտոբուսի կողքին, ուրեմն նրա նկատմամբ այլևս ոչ մի պահանջ չկա՞»,- դիմելով իշխող կուսակցության պատգամավորներին՝ ասաց Մանուկյանը:

Շարունակելով միտքը՝ խորհրդարանականը, մասնավորապես, հավելեց.

«Երկու ընկեր կային՝ Գևորգ Սաղոյանը և Արմեն Սաքապետոյանը, որոնք ՊԵԿ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ էին։ Միասին նրանք ստեղծեցին Basic Investment ընկերությունը՝ բաժնեմասերի համապատասխանաբար 50% և 33% բաշխմամբ: Բայց Արմենը չհասկացավ, որ պետք էր դնել «ՔՊ»-ի գլխարկը։ Նա սխալ թույլ տվեց՝ ասելով, որ գոյություն ունի բանկային գաղտնիք։ Դրանից հետո հաջորդեցին մեղադրանքներ ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ, թե նա թալանչի է ու հանցագործ: Իսկ ի՞նչ եղավ ձեր սկզբունքների հետ»։

Կրկնելով, որ երկուսն էլ միևնույն կառույցի՝ Պետական եկամուտների կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել, Մեսրոպ Մանուկյանը շարունակեց.

«Մեկը ձեր շարքերում է, և դուք նրա հետ հաշտվել եք: Մյուսը սխալվեց՝ ճիշտ բան ասելով այն մասին, որ նման գործողությունները վնասում են պետության հեղինակությանը: Ի պատասխան՝ դուք անմիջապես սկսեցիք հետապնդել Սաքապետոյանին»:

Մեկնաբանելով իշխող կուսակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի այն հայտարարությունը, ըստ որի պետական պարտքը չվճարելու դեպքում անգամ պետությունը լուրջ խնդիրների չի բախվի, Մանուկյանը որպես օրինակ բերեց Արգենտինան և Հունաստանը, որոնց քաղաքացիները, նրա բնորոշմամբ, մինչ օրս կրում են նման պարտքային պարտավորությունների և ճգնաժամերի բեռը:

«Եվ ոչ մի պաշտոնյա դրա համար պատասխան չտվեց։ Նման դեպքերից հետո այդպիսի պետություններին կամ վարկեր են տրամադրում չափազանց բարձր տոկոսադրույքներով, որոնք հետո վճարում են քաղաքացիները, կամ ընդհանրապես դադարում են որևէ կերպ վարկավորել: Պետությունն ի վիճակի չի լինում վերադարձնել քաղաքացիների ավանդները, և վրա է հասնում կոլապսը»,- եզրափակեց «Հայաստան» դաշինքի պատգամավորը: