Մեր դիրքորոշումը հստակ է. երբ կաթողիկոսի աթոռը զբաղեցնող անձը ունի կանոնական խախտում, նա չի կարող զբաղեցնել կաթողիկոսի աթոռը, և մենք շատ հանգիստ կարող ենք նրան դիմել իր անուն-ազգանունով, այն է՝ Կտրիճ Ներսիսյան։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 13–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։

«Դրանից փորձել ինչ-որ շոուներ կազմակերպել, կարծում եմ՝ առաջինը իրենք են սկսել։ Մենք մինչև այդ հարցի պատասխանը չստանանք, մենք չենք կարող հստակ մեր դիրքորոշումը փոխել, իսկ մեր դիրքորոշումը միշտ պարզ է եղել, մեր նախընտրական ծրագրում էլ է եղել, և մենք դրանից չենք հրաժարվել ոչ մի ակնթարթ։  Սա նիստերը խանգարելու միտում չունի, ընդհակառակը, սկզբից մենք ասել ենք, որ շարժվելու ենք բարեկրթության կանոններով, և փորձում ենք հնարավորինս ամեն ինչ անել, որ բարեկրթության սահմաններից դուրս չգանք»,–ասաց նա։

Անդրադառնալով ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանից» Հայկ Ֆարմանյանին ընտրելու հարցին, Ալխաս Ղազարյանը նախ հիշեցրեց, որ ՔՊ–ան արդեն իսկ աջակցել է, որ ԱԺ փոխխոսնակ ընտրվի նքույն խմբակցությունից Արամ Վարդևանյանը, ապա հավելեց. «Մենք ընտրեցինք Վարդևանյանին, բայց Ֆարմանյանի հետ կապված, ինչպես տեսաք, կան որոշ դժգոհություններ։ Այս պահի դրությամբ մենք պետք է քննարկենք, հասկանանք՝ ոնց ենք առաջ գնում։ Այս պահի դրությամբ որևէ հստակ որոշում որևէ թեկնածուի վերաբերյալ չունենք։ Որոշվեց, որ բոլորին իրար հետ ենք վերջում քվեարկությունը իրականացնելու։ Շատ լավ է, որ այս փուլում տեղի է ունենում նման մանրակրկիտ քննարկում, այդ ամբիոնը թույլ է տալիս անկեղծ խոսել ու ճշմարտությունը վեր հանել յուրաքանչյուր անձի զբաղեցրած պաշտոնի, անցած ճանապարհի, արժեհամակարգի վերաբերյալ և ինչքանով է համապատասխանում այդ մարդը այդ պաշտոնի համար»։

Ինչ վերաբերում է նրան, որ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենք գալիս են, որ ԱԺ այդ հանձնաժողովի աշխատանքն ակտիվացնեն, ՔՊ–ական պատգամավորն ասաց. «շԿան հանձնաժողովներ, որոնք աշխատանքը տեսանելի չէ լայն հասարակությանը, բայց կատարում են ծանրագույն աշխատանք։ Այդպես են խոսում, որպեսզի, այսպես ասած, արդարացնեն իրենց այդ հանձնաժողովի ընտրությունը։ Ինչ մտել են Ազգային ժողով, միշտ իրենց թեզերը այն մասին են, թե ինչի համար են մանդատ վերցրել։ Սա էլ այդ շարքից է։

Ինչ վերաբերում է նրան, որ կա պայմանավորվածություն, որ ընդդիմության կողմից առաջադրված բոլոր թեկնածուներին կողմ են քվեարկելու, Ալխաս Ղազարյանը ասաց, որ այնքան էլ միանշանակ չէ այդ հարցը. «Դոնթի բանաձևով, այդ տեղը նրանց է հատկացված, հայց հստակ չենք կարող ասել, որ այ վաղը ընտրելու ենք կամ չենք ընտրելու։ Դա ընթացքը ցույց կտա»։