Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հարավային Կորեայի խորհրդարանական պատվիրակության ներկայացուցիչները` Ազգային ժողովի փոխնախագահ Հոն Ջաե Հյոնի գլխավորությամբ, այսօր` մայիսի 15-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Կորեական պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար հուշարձանի մոտ: Նրանց ուղեկցել են Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը: Պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացել են Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի հանդեպ իրականացված ոճագործության մանրամասներին:
Հոն Ջաե Հյոնը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանն ու Կորեան ունեն դարերով անցած պատմություն, որի ընթացքում հայ եւ կորեացի ժողովուրդների տեսած դժվարությունները շատ նման են միմյանց:
«Կորեական հասարակությունն այդքան էլ տեղեկացված չի Հայոց ցեղասպանությանը, սակայն Կորեայի Ազգային ժողովի պատվիրակության կազմում գտնվող պատգամավոր Նահ Յոուն Մինն, ում ձեռքի գործն է «Ժամանակակից ողբերգություն» գիրքը, իր այդ գրքով փորձ է անում ներկայացնել համաշխարհային պատմության մեջ այդ անմոռանալի դեպքերը»,- նշել է Կորեայի ԱԺ փոխնախագահ Հոն Ջաե Հյոնը:




























