Հայկական դրամի փոխարժեքն ակնհայտորեն մտել է կտրուկ տատանումների փուլ, ինչի մասին վկայում են նաեւ բորսայական գործարքները: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` մայիսի 15-ին դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 397.53 դրամ` երեկվա համեմատ թանկանալով 0.39%-ով կամ 1.53 դրամով: Վերջին 2 առեւտրային նստաշրջաններում դոլարը թանկացել է ավելի քան 2 դրամով, ինչը ռեկորդային տեմպ է վերջին 2.5 տարվա ընթացքում:
Ընդհանուր առմամբ` բորսայում վաճառվել է 2.8 մլն դոլար: Վաճառված դոլարի նման քիչ քանակությունը վկայում է, որ կենտրոնական բանկը որդեգրել է սպասողական քաղաքականություն, թեեւ բազմիցս մատնանշել է, որ փոխարժեքի կտրուկ տատանումներ թույլ չի տա:
Կանխիկ արտարժույթի շուկայում որոշ բանկեր դոլար գնում են արդեն 397 դրամով: Դոլարի վաճառքի նվազագույն փոխարժեքը 399 դրամն է:




























