Որպես հեղափոխության ճանապարհով իշխանության եկած մարդ՝ ես ասում եմ, որ Հայաստանի ժողովուրդը միշտ կարող է հեղափոխություն անել։ Օգոստոսի 20-ին կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ երբ ինքը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները դադարեցնում են Ղարաբաղյան շարժումը, նաև նշեց, որ եթե ժողովուրդը դա սխալ մոտեցում է համարում, ապա կարող է հեղափոխություն անել և իրեն հեռացնել իշխանությունից։ Փաշինյանը կրկնել է, որ Ղարաբաղի վերաբերյալ ծանր որոշումներով ինքը Հայաստանին հանել է ծուղակից։ «Հայաստանի ժողովուրդը կիսում է այս կարծիքը, հակառակ դեպքում ես այսօր այստեղ կանգնած չէի լինի», — ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ վարչապետի պաշտոնում իր գտնվելու ընթացքում Հայաստանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղին հատկացրել են 1 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորում։ «Այնտեղ թոշակները բարձր էին, իսկ այստեղ՝ ցածր, և այլն։ Բացի այդ, կան բաներ, որոնց մասին չենք խոսում», — հավելել է Կառավարության ղեկավարը։
Վարչապետը նաև կրկնել է, որ բոլոր հոգևորականները պետք է լինեն քաղաքականապես չեզոք։ Նրա խոսքով՝ հակառակ մոտեցումը պետք է վիրավորական լինի հոգևորականի համար։ «Ոչ մի հոգևորական չի կարող լինել նիկոլական, լևոնական, սամվելական և այլն։ Ես էլ չեմ կարող լինել նիկոլական, ես կարող եմ լինել հայաստանամետ․ իմ բոլոր որոշումները բխել են և բխում են Հայաստանի շահերից», — վստահեցրել է Նիկոլ Փաշինյանը։











