UNESCO-ն իր լիազորությունների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի քաղաքականության եւ կանոնակարգերի շրջանակում կուսումնասիրի չճանաչված երկրներում կրթության իրավունքի իրացման շուրջ ստեղծված իրավիճակը:

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը այս տարվա փետրվարին նամակ էր ուղղել UNESCO-ի կենտրոնակայանի կրթության հարցերով պատասխանատու պրոֆեսոր Քիան Թանգին, որում կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում անդրադարձել էր չճանաչված պետությունների բնակչության համար կարեւոր խնդրի` կրթության իրավունքի ապահովմանը` այն դիտարկելով որպես մարդու իրավունքների անխախտելի մաս:

Նախարարը կարեւորել էր չճանաչված պետություններին կրթական ծրագրերում ներգրավելու եւ գործընթացին մասնակից դարձնելու հարցը: Նամակում, մասնավորապես, նշվել էր. «Հաշվի առնելով եւ հիմք ընդունելով UNESCO-ի կողմից 1960թ. դեկտեմբերի 14-ին ընդունված կրթական ոլորտում խտրականությունների դեմ կոնվենցիան` եւ ելնելով այն հանգամանքից, որ UNESCO-ի կոնվենցիայի սկզբունքային դրույթներից մեկն է մարդու կրթության իրավունքը՝ անկախ սեռից, մաշկի գույնից եւ երկրի պայմաններից, որում նա բնակվում է, ակնկալում եմ Ձեր աջակցությունը այս հարցի լուծման ուղղությամբ»:

Ստացվել է UNESCO-ի կենտրոնակայանի կրթության հարցերով պատասխանատու պրոֆեսոր Քիան Թանգի պատասխան նամակը, որում, մասնավորապես, նշվում է, որ UNESCO-ն միշտ աջակցում է Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես, բարձրագույն կրթության ոլորտում գնահատման եւ հավատարմագրման գործընթացներին: Անդրադառնալով չճանաչված պետությունների ազգաբնակչության կրթության իրավունքի ապահովմանը` Քիան Թանգը հավաստիացրել է, որ կրթության ոլորտում խտրականությունների դեմ կոնվենցիայի համաձայն` UNESCO-ն իր լիազորությունների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի քաղաքականության եւ կանոնակարգերի շրջանակում կուսումնասիրի իրավիճակը: