Հայկական պատվիրակությունը` Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի ղեկավարությամբ մայիսի 15-ի երեկոյան մեկնել է Կանն` մասնակցելու մայիսի 16-27 կայանալիք կինոշուկային, որը կայանում է Կաննի փառատոնի շրջանակներում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Հայաստանի ազգային կինոկենտրոնից:
Նրանց փոխանցմամբ` հայկական պատվիրակության կազմում ընդգրկված է մոտ 10-15 հոգի, նրանք տանում են ավարտված եւ անավարտ մի շարք նախագծեր, ֆիլմեր, որպեսզի գտնեն գործընկերներ:
«Մենք այս անգամ որոշեցինք Կաննին մասնակցել նոր մոտեցմամբ. պետությունը ֆիլմերի եւ նոր կինոնախագծերի հեղինակներին հնարավորություն է ընձեռել անձամբ մասնակցելու կինոշուկայի աշխատանքներին եւ փորձել ինքնուրույն հետագա համագործակցության ուղիներ գտնել»,- նշում է Գեւորգ Գեւորգյանը: Կաննի ծրագրում ընդգրկվել են հետաքրքիր եւ ասելիք ունեցող նախագծերի եւ ֆիլմերի պատասխանատուները, որոնք, նախապես տարածված հայտարաության համաձայն, հայտեր են ներկայացրել:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի աշխատանքային խումբն անհատապես աշխատել է բոլոր մասնակիցների հետ, նրանց ֆիլմերի եւ նախագծերի համար պատրաստել պրեզենտացիոն ծրագրեր ինչպես հայկական տաղավարում, այնպես էլ այլ երկրների կինոտաղավարներում: Բացի այդ, միջազգային պրոդյուսերական եւ դիտրիբյուտորական ընկերությունների, կինոֆոնդերի պատասխանատուների հետ ձեռք են բերվել հանդիպումների եւ քննարկումների նախնական պայմանավորվածություններ, եւ կազմվել է ժամանակացույց: Վավերագրական եւ կարճամետրաժ ֆիլմերի սեկցիաներում եւս, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, կցուցադրվեն մի շարք ֆիլմեր:
Կաննի կինոշուկայի տասն օրերի ընթացքում Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի (այս տարի ստորագրվել է համագործակցության պայմանագիր), «Բելառուսֆիլմի», Ուկրաինայի, Չեխիայի կինոոլորտների պատասխանատուների հետ:




























