«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 14-րդ համարը զբաղեցնող Արամ Սաֆարյանը չի ցանկանում մեկնաբանել իր ինքնաբացարկի դիմում գրելու պատճառները եւ գործադիրում աշխատելու մասին խոսակցությունները:

«Ես չեմ անելու մեկնաբանություն մամուլի համար, մինչեւ այն պահը, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը կքննարկի ապագա խորհրդարանի ցուցակը, կազմը եւ ընդհանրապես ներքաղաքական դիրքորոշումները»,- NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց նա:

Ինչ վերաբերում է տարածված տեղեկություններին, թե նրան նշանակելու են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, Արամ Սաֆարյանը նշեց, որ այդպիսի բան ինքը չի լսել, իր հետ այդպիսի խոսակցություն չի եղել:

Հարցին, թե կցանկանայի՞ք աշխատել գործադիրում, նա պատասխանեց. «Ես այդ հարցերի մասին որեւէ մեկնաբանություն չեմ անելու մինչեւ այդ պահը, երբ մեր քաղաքական դիրքորոշումները կճշգրտվեն եւ այդ մասին կհայտնի պաշտոնապես»:

Իսկ թե երբ  կճշգրտվեն ԲՀԿ-ի քաղաքական դիրքորոշումները եւ երբ կխոսի Արամ Սաֆարյանը, նա խորհուրդ տվեց լցվել համբերությամբ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը իր կուսակցության ակտիվի հավաք է հրավիրել, որից հետո մի շարք ԲՀԿ-ականներ գրել են ինքնաբացարկի դիմումներ` հրաժարվելով պատգամավորի մանդատից: Դիմում են գրել Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ԲՀԿ ընտրացուցակի 14-րդ համարը զբաղեցնող Արամ Սաֆարյանը, Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը, ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն, «Արսօյլ»-ի տնօրեն, նախկին պատգամավոր Հռիփսիմե Ավետիսյանը: