Խաղաղությունն անշրջելի և հարատև դարձնելու համար անհրաժեշտություն է Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի և Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում արևմտյան Ադրբեջանի և արևմտա-ադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին խոսույթները չշարունակելը, այդ խոսույթներին վերջ դնելը։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 24–ին, իններորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի շրջանակում Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Սա հարց է, որը թե Հայաստանում, թե Ադրբեջանում հասցեագրելու անհրաժեշտություն կա հանուն մեր սերունդների խաղաղ համակեցության իրավունքի։ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների խաղաղությունն ու խաղաղ համակեցությունն է այն իրավունքը, որ մենք այսօր պետք է առարկայացնենք և հետապնդենք և պետք է կարողանանք հաղթահարել սրան հակասող որևէ խոսույթ և գործողություն։ Մենք պետք է դադարենք Ադրբեջանում Հայաստան փնտրել, Ադրբեջանը պետք է դադարի Հայաստանում Ադրբեջան փնտրել»։
Նշենք, որ այսօր Ադրբեջանի միջազգային ռադիոն իր այսօրվա հայերենով հեռարձակումը սկսել է «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան. Մեր հայրենիքը սպասում է իր տերերին» նյութով։ Միջազգային ռադիոն Aztv պետական հեռուստառադիոընկերության ստորաբաժանում է, որը անմիջականորեն ենթարկվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմին։





























