Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը երեքշաբթի կոչ է արել այնպիսի քաղաքականություն ընդունել, որը կխթանի հիվանդ եվրագոտու աճին, հաղորդում է «CNN»-ը:
«Ցանկությունս այն է, որ աճը լինի ոչ թե խոսք, այլ իրականում տեղի ունեցող գործընթաց», -ասել է Օլանդը` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում:
Նա նշել է, որ լավագույն լուծումն այն կլինի, որպեսզի մայիսի 23-ին, երբ տարածաշրջանի առաջնորդները նախատեսում են հանդիպել, «ամեն ինչ դրվի սեղանի վրա»:
Առաջիկա միջոցառումներից են նաեւ Մեծ ութնյակի հանդիպումը եւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն այս ամիս, իսկ հետո Մեծ քսանյակի եւ Եվրոպական խորհրդի հանդիպումները հունիսին: Նրա մոտեցումը, սպասվում է, որ կազդի Աֆղանստանի, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Մերձավոր Արեւելքի հետ քաղաքականության վրա:
Միացյալ Նահանգները Սարկոզիից աջակցություն էր ստացել Սիրիայի, Իրանի եւ Աֆղանստանի հարցերում իր քաղաքականության վերաբերյալ: Օլանդը դեռեւս պետք որոշակիացնի արտաքին քաղաքկան իր բոլոր դիրքորոշումները: Նախընտրական արշավի ժամանակ նա խոստացել էր ֆրանսիական զինված ուժերը դուրս բերել Աֆղանստանից տարեվերջին: Նա կարող է ակնկալել, որ ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդները կոչ կանեն մեղմել իր դիրքորոշումը, երբ մասնակցի այս ամիս Չիկագոյում կայանալիք գագաթնաժողովին, որի օրակարգային հիմնական հարցը Աֆղանստանին է վերաբերելու:
Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունները լարված էին Եվրամիությանը Թուրքիա անդամակցության վերաբերյալ Սարկոզիի բացասական դիրքորոշման պատճառով: Նրա նախագահության ժամանակ խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը հարուցել էր Անկարայի վրդովմունքը: Ոորշ դիտորդներ սպասում են, որ Օլանդն ավելի մեծ ճկունություն կդրսեւորի Թուրքիայի հարցում:
Երկրի ներսում Օլանդը պետք է ֆրանսիական հասարակությանն ապացուցի, որ ունակ է գործել համաձայն իր խոստումների եւ միավորել մարդկանց Սարկոզիի նախագահությունից հետո, որ մասնակիորեն բեւեռացրել էր կարծիքները:




























