Մենք որոշեցինք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չի լինելու մեր արտաքին քաղաքական օրակարգում։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 24–ին, ԱԺ–ում կառավարության առաջիկա 5–ամյակի ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Ու մինչ նախադասություններ էինք ձևակերպում մեր հանրությանը բացատրելու, թե ինչու իրադարձությունները իրենք ի ցույց դրեցին մի պերճախոս բացատրություն, երբ բոլորովին վերջերս Իսրայելի կառավարությունը ամենասուր վճռականությամբ Հայոց ցեղասպանության ճանաչման պրոցես սկսեց, ապա նույնպիսի վճռականությամբ կանգնեցրեց այդ պրոցեսը։ Սա էլ էր մի կարևոր իրադարձություն, որ բացեց վարագույրը և մենք բոլորով ստիպված եղանք տեսնել, թե ինչ է կատարվում դրա հետևում։

Միջազգային խաղացողները, ներողություն այս ձևակերպման համար, մեր նահատակների մասունքներով իրար գլխի բամփում են, բայց մեր գլուխն է ցավում։ Միջազգային խաղացողները մեր նահատակների ոսկորները զենքայնացնում են, դրանով կրակում իրար վրա, բայց մենք ենք զոհվում, այնպես, ինչպես եղել է 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին ու վերջին, և մինչև բոլորովին վերջերս։

Մենք պետք է վերջ տանք Հայոց ցեղասպանության զենքայնացման այս գործընթացին, որովհետև եթե նույնիսկ միամտություն ունենանք մտածելու, թե դա զենք է Նաև մեր ձեռքին այդ զենքի կրակոցից էլի ու էլի մենք ենք զոհվել, էլի ու էլի մենք ենք զոհվելու։ Ապրիլի 24-ը մեր ապրիլի 24-ն է։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը մեր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն է, մենք պետք է խոկանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ու պետք է որոշենք, որ Հայաստանի Հանրապետությունը բոլոր ժամանակների կոտորածների, տեղահանությունների, ցեղասպանության զոհերի, հետնորդների գերեզման չպետք է լինի, այլ հայրենիք–պետություն, որտեղ մարդիկ ապրում են ազատ, բարեկեցիկ և անվտանգ։

Մենք չպետք է այլևս երազենք այլ հայրենիքի մասին, որովհետև Հայաստանի Հանրապետությունն է մեր երազանքների հայրենիքը ու մենք երջանիկ ենք, որ ունենք այդ հայրենիքը։ Եվ մեր անելիքը պետք է լինի այս հայրենիք–պետություն զարգացնելը ու այն հարատև սերնդեսերունդ փոխանցելը։

Սրա համար, այո, նախ պետք է ապահովել պետության լինելիությունը ու անվտանգությունը։ Սրա համար էլ հարկավոր է նախ սերտել մեր հին ու նոր պատմության դասերը, թե ինչ է լինում, երբ անվտանգության մեր հույսերը կապում ենք ուրիշների հետ»,– հայտարարեց Փաշինյանը։

Նրա խոսքով, պարտադիր չէ, որ ուրիշները իրենց խոստացածը չանեն, չարամտորեն, դա կարող է տեղի ունենալ պարզապես անհաղթահարելի հանգամանքների կամ այլ սահմանափակումների պատճառով, ինչպես ժամանակին անգլիական նավերը իսկապես չէին կարող լեռներ մագլցել. «Բայց անվտանգության ապահովման մեր ընկալումները նույնպես պիտի վերանայենք, հասկանալով, որ չի կարելի արտաքին անվտանգության ապահովման ամբողջ դեռ բեռը դնել բանակի վրա։ Բանակը, այո, մեր արտաքին անվտանգության ապահովման առանցքային, բայց նաև ամենավերջին գործիքը պիտի լինի։ Անվտանգության ռեզերվը պիտի լինի և նրանից առաջ մենք պետք է ունենանք և ստեղծենք անվտանգության լրացուցիչ շերտեր և որքան շատ լինեն այդ շերտերը, այնքան ավելի անվտանգ կլինի պետությունը»,–ասաց նա։