Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, որը գտնվում է Խարկովի հիվանդանոցում, համաձայնել է վերսկսել բուժումը, որից հրաժարվել էր մայիսի 15-ին: Ուկրաինայի առողջապահության նախարարության մամուլի ծառայության տվյալներով` մայիսի 16-ի առավոտյան նրան այցելել է գերմանացի բժիշկ Լուտց Հարմսը, ինչից հետո Տիմոշենկոն համաձայնել է վերսկսել ընթացակարգը:
Նախօրեին բուժումից հրաժարվելը նախկին վարչապետը հիմնավորել էր նրանով, որ լրատվամիջոցներում հրապարակվել է իրեն նշանակված բուժումների ցանկը:
Ուկրաինան պատրաստ է ընդունել եվրոպական բժիշկների խմբին Տիմոշենկոյին բուժելու համար, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը: «Մենք ունենք բոլոր հնարավորությունները Տիմոշենկոյին բուժելու համար, սակայն նա հրաժարվում է ուկրաինական բժիշկներից: Այդ պատճառով էլ մենք համաձայն ենք, որ բացի գերմանացի բժշկից լինի նաեւ եվրոպացի բժիշկների խումբը», - հայտարարել է Ազարովը Բրյուսելում Եվրախորհրդարանաի նախագահ Մարտին Շուլցի հետ մամլո ասուլիսում:
ԵՄ-ն նաեւ որոշել է Ուկրաինա ուղարկել իր փաստաբաններին: Համապատասխան համաձայնություն արդեն ձեռք է բերվել:
Հիշեցնենք, որ ԵՄ-ն արդեն բացահայտ քննարկում է Ուկրաինայոււմ անցկացվելիք Եվրոպայի ֆուտբոլի մրցաշարը բոյկոտելու հնարավորությունը, իսկ եվրոպական առանձին առաջնորդներ սպառնում են Կիեւին պատժամիջոցներով եւ միջազգային մեկուսացմամբ: Միաժամանակ Ուկրաինայում ԵՄ-ի դեսպան Ժոզե Մանուել Պինտան մայիսի 15-ին հայտարարել է, որ Ուկրաինայի նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցների հարց դեռեւս չի դրվել:




























