Տավուշի մարզում գյուղատնտեսության համար թիվ մեկ խնդիրը հակակարկտային կայանների բացակայությունն է. միայն այս ամիս մարզում գրանցվել է կարկուտի շուրջ 5 դեպք: Մայիսի 12-ին շուրջ կես ժամ տեղացած կարկուտը վնասել է մարզի Թեղուտ համայնքի ցանքատարածությունները, լուրջ վնաս է հասցվել նաեւ Հաղարծին համայնքի այգիներին ու բանջարանոցներին, դեպքից երկու օր անց կարկուտ է տեղացել նաեւ Այգեհովիտ համայնքում, վնասվել է  100 հա խաղողի այգիները:

Տավուշի մարզպետարանի լրատվության բաժնի աշխատակից Անի Մելիքսեթյանը NEWS.am-ի Տավուշի  թղթակցի հետ զրույցում նշեց, որ մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով,  վնասի չափերը դեռեւս ճշտվում են:

Մեր տեղեկություններով Տավուշի մարզում մեկ հակակարկտային կայան եղել է դեռեւս խորհրդային միության տարիներին, սակայն վերջինիս թնդանոթներն էլ օգտագործվել են պատերազմի ժամանակ, այնուհետ արդեն անհետացել են: Տավուշցիները կարծում են, որ այս տարի եւս հակակարկտային կայաններ մարզում  չեն տեղադրվի, ու իրենք եւս նախորդ տարիների նման կմնան իրենց կոտրած տաշտակի առջեւ:

NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Վաղինակ Հովսեփյանը նշեց, որ մինչ այս պահը հակակարկտային կայան տեղադրելու որոշում չկա, հետեւաբար, կայան էլ առաջիկայում չի տեղադրվի: Այս ամենը հաստատեց նաեւ Անի Մելիքսեթյանը: