Գիտնականները Ճապոնիայի Ռյուկյու կղզիների ստորերկրյա ջրերում գիտությանն անհայտ փոքրագույն խեցգետնակերպերի երկու նոր տեսակ են հայտնաբերել։ Zootaxa գիտական ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ նոր տեսակները պատկանում են Bogidiella ցեղին և բնակվում են գրունտային ջրերի հետ կապված քարանձավային ջրավազաններում։

Երկու տեսակն էլ հիանալի հարմարված են հավերժական խավարում ապրելուն․ դրանք չունեն պիգմենտացիա և աչքեր, վերջույթները երկարացած են, իսկ լողալու ոտիկները ՝ կրճատված։ Ընդ որում, նոր տեսակներից յուրաքանչյուրն ունի անատոմիական հատկանիշների յուրահատուկ հավաքածու։

Bogidiella isajii-ն հայտնաբերել են Մինամիդայտո կղզու ստորջրյա քարանձավում։ Այս խեցգետնակերպերն ունեն ընդամենը 3,8–4,3 մմ երկարություն (մոտավորապես քունջութի հատիկի չափ)։ Տեսակն անվանվել է ի պատիվ դրա հայտնաբերող Յոշիտակա Իսաջիի։ Դրա տարբերիչ առանձնահատկություններից է տելսոնի (մարմնի պոչային հատվածի) արտասովոր ձևը, որն այս տեսակի մոտ ավելի լայն է, քան երկար։

Երկրորդ տեսակը՝ Bogidiella painushima-ն, գտել են Իշիգակի կղզու քարանձավի քաղցրահամ ջրերում։ Սա էլ ավելի փոքր է․ առանձնյակների երկարությունը կազմում է 1,4–3,2 մմ։ Անվանումը ծագում է օկինավյան «Պայնու-շիմա» արտահայտությունից, որը նշանակում է «հարավային կղզի»։ Նոր տեսակը մոտ ազգակիցներից տարբերվում է գլխի, զգայարանների, տելսոնի, ինչպես նաև սնմանն ու մարմնի խնամքին մասնակցող վերջույթների առանձնահատկություններով։

Հետազոտողները նշում են, որ ստորերկրյա ջրերը, չնայած իրենց հսկայական կենսաբազմազանությանը, շարունակում են մնալ թերի ուսումնասիրված միջավայր։ Մարդիկ գրունտային ջրերն օգտագործում են խմելու և գյուղատնտեսության նպատակներով, որի պատճառով էլ դրանց պահպանումը ավելի ու ավելի կարևոր խնդիր է դառնում։

Գիտնականները ծրագրում են շարունակել հետազոտությունները և ուսումնասիրել հայտնաբերված խեցգետնակերպերի գենետիկական բազմազանությունը։ Նրանց կարծիքով՝ ստորերկրյա էկոհամակարգերի հետագա ուսումնասիրությունը կարող է բացահայտել բազմաթիվ այլ անհայտ տեսակներ և օգնել պաշտպանել մոլորակի ամենաքիչ ուսումնասիրված բնական միջավայրերից մեկը։