Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արշակ Սարգսյանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակի, ձերբակալությունը բացատրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի վերաբերյալ հերթական ծրագիրն իրականացնելու մտադրությամբ։ Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով՝ նման շոուն սպասելի էր․ արդեն 8 տարի շարունակվում են Քոչարյանների ընտանիքի քաղաքական հետապնդումները, հարուցվել են քրեական գործեր, երկրորդ նախագահն արդարացվել է։ «Սակայն, քանի որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Հայաստանում իրականացնել Ալիևի ծրագրերը, հեռացնում է ընդդիմադիրներին, որպեսզի նրանք չխանգարեն Ալիևի ծրագրի իրականացմանը, և փորձում է վախ սերմանել», - նշել է Սարգսյանը՝ ընդգծելով, որ ընդդիմությունը պատրաստ է ձերբակալություններին և կալանքներին և պայքարելու է մինչև Փաշինյանի իշխանությունից հեռացումը։

«Հասկանալով, որ ԱԺ-ում չունի այն մեծամասնությունը, որպեսզի փոխի Սահմանադրությունը, Փաշինյանը փորձում է դիմել այլ մեթոդների։ Նույնքան անօրինական, ինչպես մինչ այժմ՝ խախտելով Սահմանադրությունը և իբր ժողովրդի պահանջով քողարկվելով, փորձում է արդարացնել տարածքների և Արցախի հանձնումը։ Նա ընտրություններում գողացել է ձայները, օգտագործել է ամբողջ վարչական ռեսուրսը, սակայն չի կարողացել էական առավելության հասնել։ Փաշինյանը լեգիտիմ չէ, ընտրվել է պետական ռեսուրսների հաշվին և ընդդիմության թևերից մեկից հափշտակել է ձայները՝ հնարավորություն ունենալու նշանակել ուժային կառույցների ղեկավարներին», - նկատել է Սարգսյանը։