Հետազոտողների կարծիքով՝ բրենդինգի առաջին նշանները կարող էին ի հայտ գալ դեռևս 3,6 հազար տարի առաջ՝ բրոնզե դարում։ Նման եզրահանգման նրանք եկել են Արաբական թերակղզու հյուսիս-արևմուտքում գտնվող Քուրայա օազիսում հայտնաբերված նախշազարդ խեցեղենն ուսումնասիրելիս։

Այս խեցեղենը («Qurayyah Painted Ware») առանձնանում էր կենդանիների, մարդկանց և ծիսական տեսարանների բնորոշ պատկերներով։ Այն դարձել էր այնքան ճանաչելի, որ մեծ պահանջարկ ուներ օազիսի սահմաններից դուրս, իսկ այլ տարածաշրջանների բրուտներն սկսել էին ընդօրինակել դրա ոճը։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS ONE գիտական ամսագրում։ Գիտնականներն ուսումնասիրել են անոթների պատրաստման տեխնոլոգիան, ձևը, կավի բաղադրությունը և պարզել, որ արտադրությունը դարեր շարունակ պահպանել է նույն ոճն ու տեխնիկան։

Հետազոտողների համոզմամբ՝ Քուրայայի խեցեղենն ուներ ժամանակակից բրենդի հիմնական հատկանիշները․ ճանաչելի արտաքին տեսք, նյութերի կայուն որակ, կենտրոնացված արտադրություն, լայն տարածում, արտահանում, մրցակիցների կողմից ընդօրինակում և ձևավորված հեղինակություն։

Արտադրությունը, սակայն, տեղում չէր դոփում։ Առաջին անոթների ի հայտ գալուց մոտ չորս դար անց վարպետները շարունակել են զարգացնել տեսականին՝ ավելացնելով կենդանիների և ծիսական տեսարանների նոր պատկերներ։

Այս խեցեղենը տարածվում էր բավականին մեծ հեռավորությունների վրա՝ Արաբական թերակղզու հյուսիսում ու հարավում, իսկ առանձին նմուշներ գտնվել են նույնիսկ Թել էլ-Խուլեյֆայում։ Նախկինում այն անվանում էին «մադիանական խեցեղեն», սակայն հետագայում պարզվեց, որ արտադրության կենտրոնը հենց Քուրայա օազիսն էր։

Այս բացահայտումը փոխում է անապատային օազիսների բնակիչների մասին պատկերացումները։ Չնայած կավի, ջրի և վառելիքի պակասին՝ նրանք ներգրավված են եղել Արաբիան Հարավային Լևանտի և Սիրիայի հետ կապող առևտրային և տեխնոլոգիական խոշոր ցանցերում։