Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը երկու դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հայցվորը, առաջին հայցադիմումը վարչական դատարան է ներկայացվել դեռ ապրիլի 12-13-ին, որը հրաժարվել է այն ընդունել վարույթ: Դրանից հետո Զոլյանը դիմել է Վերաքննիչ դատարան:

Երկրորդ հայցը, ըստ Զոլյանի, ներկայացվել է մայիսի 3-ին ընդհանուր իրավասության դատարան: «Բացի այդ, դեռեւս ապրիլի 17-ին ԵՊԼՀ-ի գիտական խորհուրդը, բոլոր ֆակուլտետների խորհուրդները որոշում էին ընդունել դիմել դատարան` պահանջելով անվավեր ճանաչել բուհում Արմեն Աշոտյանի կողմից կազմակերպված ստուգումները: Հայցը ներկայացվել է մոտ մեկ շաբաթ առաջ»,-հայտնեց զրուցակիցը:

Զոլյանը չի պատրաստվում հանձնվել: Պատասխանելով հարցին, թե ինչի է ցանկանում հասնել Աշոտյանի հետ «մարտում», նա պատասխանեց. «Ինձ երկու հարց է հետաքրքրում. վերականգնել արդարությունն իմ նկատմամբ եւ օրենքով ամրագրված` բուհերում ինքնակառավարումն առարկայական դարձնել: Բուհերի գործունեությունն ապրիորի կարգավորվում է օրենքով, ոչ թե նախարարի հրամաններով: Իր գործունեությամբ Արմեն Աշոտյանը ցույց է տվել, որ թքած ունի օրենքի վրա եւ որ այս կամ այն որոշումն ընդունելիս ղեկավարվում է սեփական քմահաճույքով: Դա ամոթալի է»:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, 2012թ. ապրիլի 6-ին ԵՊԼՀ -ի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել էր կարգապահական տույժ՝  խիստ նկատողության տեսքով:Նկատողության պատճառը եղել է այն, որ  Սուրեն Զոլյանը հրաժարվել է կատարել իր վերադասի հանձնարարականը, երկրից բացակայել է առանց հարգելի պատճառի` իր պարտականությունները բավարար չափով չկատարելով: Ի պատասխան Զոլյանը դիմել է դատարան:

Առաջին նկատողությանը ապրիլի 17-ին հետեւել է երկրորդը, այնուհետեւ նախարարի հրամանը` Բրյուսովի անվան  ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու եւ 2008թ.մարտի 17-ի թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին: