Nissan Motor-ը Ճապոնիայի ներքին շուկայում սկսել է հետևաքարշ Z կուպեի թարմացված տարբերակի վաճառքը։ Ծագող արևի երկրում մոդելը կոչվում է Fairlady Z։

Թարմացված տարբերակի թողարկումը տեղի է ունեցել հունվարին, և վերջապես հասել է սպառողներին, հաղորդում է Drom.ru-ն։

Առջևի բամպերը ստացել է այլ ձև. այժմ դրա օդամուտքը բաժանված է վերին և ստորին հատվածների։ Ֆիրմային թեթևաձույլ անվահեծերը ներկվում են սև գույնով, սակայն ունեն ֆրեզերով մշակված եզր։ Թափքի գունապնակում հայտնվել է նոր մուգ կանաչ մետալիկ գույն։ Դիզայներների մտահղացմամբ՝ այս ամենը Fairlady Z-ի ոճավորումն ավելի է մոտեցրել 1969 թվականի S30 սերնդի Nissan Z-ին։ Բացի այդ, առջևի բամպերը մշակվել է նաև աերոդինամիկայի տեսանկյունից․ դրա շնորհիվ ճակատային դիմադրության գործակիցը նվազել է 1%-ով, իսկ առջևի առանցքի սեղմող ուժը աճել է 3,3%-ով։

Մեքենայի շասսին վերամշակվել է։ Նախորդ Z նմուշի գնորդները հաճախ բողոքում էին չափազանց կոշտ կախոցից. այն կարգավորված էր թրեքներում և բարձր արագությամբ մայրուղիներում ընթացքի համար, սակայն հարմար չէր քաղաքում ամենօրյա երթևեկության համար։ Nissan-ի ինժեներները շտկել են այս թերությունը։ Արդիականացված կուպեում մեծացվել է ամորտիզատորի տրամագիծը՝ այժմ այն կազմում է 45 մմ՝ նախկին 40 մմ-ի փոխարեն։ Սա երթևեկությունն ավելի հարթ է դարձրել. մեքենան այլևս չի ցնցվում յուրաքանչյուր անհարթությունից և նույնիսկ կարող է «կուլ տալ» փոքր փոսերը։

Բացի այդ, բոլոր Fairlady Z Nismo-ների վրա տեղադրվում են բարելավված շնչափողը և բռնկման համակարգը։ Շարժիչն ավելի զգայուն է դարձել գազի ոտնակի սեղմման հանդեպ։

Fairlady Z Nismo-ի առջևի արգելակային սկավառակները փոխարինվել են երկմասանիով, ինչը նվազեցրել է չկախված զանգվածը։ Արգելակային սկավառակները վերցված են GT-R R35-ից։ Սուպորտները մնացել են նույնը, սակայն դրանց կորպուսն այժմ ներկվում է ավելի վառ կարմիր երանգով։

Ավտոմեքենան համալրված է 3,0 լիտրանոց բենզինային բիտուրբո V6՝ VR30DDTT մոդելի շարժիչով, որի հզորությունը 405 ձիաուժ է, իսկ պտտող մոմենտը՝ 475 Ն·մ։ Հաճախորդի ընտրությամբ շարժիչը զուգակցվում է 6-աստիճան մեխանիկական փոխանցման տուփի կամ 9-աստիճան «ավտոմատի» հետ։

Ավտոմատ փոխանցման տուփով տարբերակում ներկառուցված են երթևեկության ռեժիմների երկու նախակարգավորում՝ ստանդարտ և սպորտ։ Սպորտային ռեժիմը բարձրացնում է «շարժիչի և տրանսմիսիայի արձագանքայնությունը, ավելի ճշգրիտ է դարձնում ղեկային կառավարումը, միացնում է դինամիկ վերահսկման համակարգի օրիգինալ կարգավորումները»։

Ճապոնիայում թարմացված Nissan Fairlady Z-ի գինը սկսվում է 5,737,600 իենից։