Վերականգնողների խումբն սկսել է աշխատանքը Թբիլիսիի Սերեբրյանայա փողոցում գտնվող հայկական Սուրբ Նշան եկեղեցու տարածքում: Եկեղեցու մի հատվածը քանդվել էր մայիսի 14-ի գիշերը` հորդառատ անձրեւների եւ վրաց-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին ասվում է Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Մասնագետները մաքրում են տեղանքը փլատակներից եւ իրականացրել մնացած կոնստրուկցիայի դեմոնտաժ: Այժմ տեղում վերականգնողներ են աշխատում, որոնք նշագրում են թափված կտորներն ու տարբեր դետալները:

Մասնագետների խոսքով, եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն, տարերքը սպառնալիք կստեղծի հիմնական կոնստրուկցիայի համար: Տվյալ փուլում փայտաշեն կոնստրուկցիան կամրացնի հուշարձանը, որ այն չփլվի: Սուրբ Նշանի վերականգնման նախագիծը կազմվել է 2011թ., Վրաստանի Մշակութային ժառանգության ազգային գործակալության ֆինանսավորմամբ: