63-ամյա մի տղամարդ ուրբաթ ինքնահրկիզվել է Մանհեթենի այն շենքի նախասրահում, որտեղ տեղակայված են Google-ի Նյու Յորքի գրասենյակները, հայտնել է NBC News-ը։

Ոստիկանությունը հայտնել է, որ առայժմ չի պարզել տեղի ունեցածի շարժառիթը։

Իրավապահների տվյալներով՝ բրուքլինցի Ջոն Բաչը տեղի ժամանակով ժամը 15:00-ի սահմաններում մտել է Հադսոն-սթրիթ 315 հասցեում գտնվող շենքի նախասրահ և ինքնահրկիզվել։ Տուժածին տեղափոխել են մոտակա հիվանդանոց, որտեղ կա այրվածքների բաժանմունք։ Նրա վիճակը գնահատվում է կայուն։ Այլ մարդիկ չեն տուժել։

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել գույքը դիտավորությամբ վնասելու, հրկիզման և շրջապատողների անվտանգության համար վտանգ ստեղծելու մեջ։

Ոստիկանությունը դեռ չի պարզել, թե ինչու է Բաչը դիմել այդ քայլին և արդյոք նա մտադրություն ուներ թիրախավորել հենց Google-ը։ Ընկերությունից հայտնել են, որ առկա տվյալների համաձայն՝ տղամարդը, հավանաբար, փորձել է մուտք գործել շենքի մեկ այլ վարձակալի տարածք, ոչ թե Google-ի գրասենյակներ։

«Մենք սերտ կապի մեջ ենք տեղի իշխանությունների հետ և շնորհակալ ենք արտակարգ ծառայությունների աշխատակիցներին», — նշվել է ընկերության հայտարարության մեջ։