Դրամավարկային քաղաքականության 2012 թ. ծրագրում արձանագրված մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ Կենտրոնական բանկի գնահատականները ընդհանուր առմամբ համահունչ են կառավարության մակրոտնտեսական ծրագրով նախատեսված ուղենիշներին, սակայն կան մի շարք խնդիրներ, որտեղ գնահատականները փոքր ինչ տարբերվում են: Այդ մասին այսօր` մայիսի 17-ին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը` կառավարության հաստատմանը ներկայացնելով 2012 թ. դրամավարկային քաղաքականության վերաբերյալ կառավարության եզրակացության նախագիծը: «Դա որոշ ճյուղերի աճի պոտենցիալի վերաբերյալ գնահատականներն են, որոնք որեւէ կերպ ընդհանուր գնահատականը չեն փոխում: Միայն արձանագրում ենք, որ կարող են լինել զարգացումներ, երբ գնանկումային ճնշումները զարգանան, այդ պարագայում հորդորում ենք ԿԲ-ին` շարունակել լինել ճկուն, ինչպես ճկունություն է ցուցաբերել մինչ այժմ, եւ անցնեն ընդլայնողական քաղաքականության` գնանկումային ճնշումների ուժեղացման պարագայում»,- ասաց Վ. Գաբրիելյանը:

Նշենք, որ կառավարությունն ու ԿԲ-ն անհամաձայնություն ունեն հատկապես շինարարության աճի կանխատեսման մասով: Ըստ ԿԲ-ի` շինարարության ճյուղի աճը կկազմի 3.5-5.5 %, իսկ ըստ կառավարության` մոտ 2.5%: