ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացման փաստը և կարևորել փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը:

Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին շեշտել են, որ Հայաստան-Հնդկաստան բարեկամությունը միշտ ամուր է եղել և պատրաստակամություն հայտնել շարունակելու ջանքերը՝ այն էլ ավելի խորացնելու նպատակով:

Զրուցակիցները քննարկել են տնտեսության, տեխնոլոգիաների, առողջապահության ու դեղագործության, կրթության, ենթակառուցվածքների, ներդրումների և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Ընդգծվել է, որ բարձր մակարդակի փոխադարձ այցելությունների հետագա կազմակերպումը կօժանդակի գործընկերության խորացմանն ու համատեղ նոր ծրագրերի իրականացմանը:

Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է Հնդկաստանի վարչապետին հարմար ժամանակահատվածում Հայաստան այցելելու հրավերը և պատրաստակամություն հայտել նույնպես պատեհ առիթով այցելել Հնդկաստան։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել TRIPP նախագծի իրականացման ընթացքին:

Հիշեցնենք, որ երկօրյա աշխատանքային այցով ՀՀ վարչապետը ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն: 

Բիշքեկի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Ղրղզստանի Նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Դանիյար Ամանգելդիևը:

Վարչապետը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: