Նեպալում փրկարարները փորձում են հաղթահարել փլատակներն ու ցեխի հոսքերը՝ թունելներից դուրս բերելու համար հիդրոէներգետիկ օբյեկտների հարյուրավոր աշխատողների, որոնք կարող էին արգելափակված մնալ ավերիչ ջրհեղեղից հետո։ Անհետ կորած է համարվում այդպիսի օբյեկտների 933 աշխատող, հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով երկրի տարերային աղետների ռիսկի նվազեցման և հետևանքների վերացման ազգային վարչությանը։
Փորձագետների տվյալներով՝ տարերքի հարվածի պահին գործող և կառուցվող ՀԷԿ-երի թունելներում գտնվել են հարյուրավոր մարդիկ, որոնք հիմնականում զբաղվում էին օբյեկտների բետոնապատմամբ։ Ձյունաքարային սելավի և հզոր ջրհեղեղի հետևանքով Տրիշուլի գետի ավազանում վնասվել կամ ավերվել է առնվազն 14 ՀԷԿ։ Շահագործումից դուրս են եկել մոտ 430 ՄՎտ գեներացնող հզորություններ, ինչը կազմում է երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի ավելի քան 12 տոկոսը։
Ամենից շատ տուժած Վերին Տրիշուլի-3A ՀԷԿ-ում փրկարարները, թունելի ճակատային մասում անցքեր հորատելուց հետո, սկսել են «օդ մղել» հնարավոր ողջ մնացածներին։ Մասնագետները նշել են, որ այս որոնողափրկարարական գործողության հիմնական խնդիրն այն է, որ թունելները հայտնվել են բեկորների ու քարերի հաստ շերտի տակ, իսկ վարարաջրերը տեղաշարժել են մուտքի հարթակները։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ երկրի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած ջրհեղեղի զոհ է դարձել ավելի քան 900 մարդ։ Ազգային վարչության վերջին զեկույցում նշվել է 903 զոհի մասին։ Փրկվել է 10 461 մարդ։ Գրեթե 4,2 հազար մարդ համարվում է անհետ կորած, այդ թվում՝ 592 օտարերկրացի։
Տարերային աղետը տեղի է ունեցել Նեպալի հյուսիսում օգոստոսի 26-ի առավոտյան։ Նախնական տվյալներով՝ վարարման պատճառը դարձել է Չինաստանի հետ սահմանին՝ «Ռասուվագադհի» սահմանային անցակետից մոտ 20 կիլոմետր հյուսիս-արևելք, տեղի ունեցած սելավը։ Լեռնային ապարի հզոր հոսքը հսկայական արագությամբ գետի հունով անցել է ավելի քան 70 կիլոմետր՝ ավերելով մոտակայքում գտնվող բնակավայրերը և հեղեղելով մեծ տարածք։




























