Օգոստոսի 31-ի գիշերը Լեհաստանի Սկարժիսկո-Կամեննա քաղաքում հրդեհ է տեղի ունեցել WB Electronics ընկերության ձեռնարկությունում, որն անօդաչու թռչող սարքեր է արտադրում ուկրաինական և լեհական բանակների համար, հայտնել է Onet-ը։ Կրակը պատել է արտադրական-պահեստային տարածքը։ Հրդեհը մարել են երկու ժամում։ Դեպքի պահին գործարանը չէր աշխատում, ոչ ոք չի տուժել, հայտնել են ոստիկանությունում։ Վնասի ճշգրիտ չափը դեռևս ճշտվում է։
Հրդեհից քիչ առաջ գործարանի տարածքում գործարկվել էր անվտանգության ազդանշանային համակարգի սենսորը։ Պարբերականի տվյալներով՝ տեսահսկման խցիկները ֆիքսել են դիմակավորված մի մարդու, որը ներթափանցել էր ցանկապատի միջով, իսկ ավելի ուշ մոտակայքում հայտնաբերվել են ուսապարկ և բաճկոն։ Իրավապահ մարմինները չեն բացառում դիտավորյալ հրկիզման վարկածը։ Քննությանը միացել է Ներքին անվտանգության գործակալությունը (ABW)։ WB Electronics-ը մտնում է WB Group-ի՝ Լեհաստանի խոշորագույն մասնավոր զենքի ընկերության կազմի մեջ։ Տուժած գործարանն արտադրում է կոմպոզիտային կառուցվածքներ և կառավարման համակարգեր անօդաչու թռչող սարքերի համար։ Սա արդեն ամսվա ընթացքում հինգերորդ միջադեպն է եվրոպական այն ձեռնարկություններում, որոնք առնչվում են Ուկրաինա սպառազինության մատակարարումներին։ Մինչ այդ, օգոստոսին պայթյուն էր տեղի ունեցել իտալական Կոլեֆեռո քաղաքում գտնվող KNDS Ammo Italy գործարանում, հրդեհ՝ բուլղարական EMCO զենքի գործարանում։ Տալլինում հրկիզել էին էստոնական ռազմական ռոբոտատեխնիկա արտադրող Milrem Robotics-ի շենքը, իշխանությունները դրա մեջ կասկածել էին Ռուսաստանին։ Բացի այդ, Սլովակիայում կանխվել էր ուկրաինական Skyeton ընկերության գործարանի հրկիզման փորձը, որն արտադրում է Raybird անօդաչու թռչող սարքեր։





























