Պաշտպանության նախարարի հրաժարականի հանրային պահանջ կա, քաղաքական որոշում է պետք։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1–ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով բանակում ինքնասպանությունների ու սպանությունների մասին։

«Ժամանակին այդպիսի դեպքերից հետո եղել են պաշտոնանկություններ, ռազմական ոստիկանության պետն է պաշտոնանկ եղել 2019–ի, թե 2020 թվականի սկզբին, բոլոր ոստիկանապետները տեղային, որոնք սպասարկում էին այս կամ այն զորամասը, պաշտոնանկություններ լինում էին։

Իսկ բանակում ինքնասպանությունների պարագայում գտնում եմ, որ պետք է մի քիչ ավելի զգույշ լինել և ավելի շատ աշխատել, այլ ոչ թե պաշտոնանկությունների միջոցով լուծումներ տալ»,- ասաց նա։

Հարցին՝ իրավաչափ է համարո՞ւմ, որ այդ դեպքերի հետևանքով հենց նախարարը պիտի հրաժարական տա, Տոնոյանը պատասխանեց․ «Նախարարի հրաժարականը վարչապետի ու նախարարի դաշտում է գտնվում։ Եթե իրենք գտնում են, որ քաղաքական առումով դրա անհրաժեշտությունը կա՝ որոշումը կկայացնեն, ուրեմն չեն տեսնում քաղաքական այդպիսի որոշում։ Հանրային պահանջը կա, բայց հանրային պահանջն էլ այնպես չէ, որ պետք է համեմատական անել այլոց աշխատանքի հետ, այլոց վիճակագրության հետ: Իմ պաշտոնավարման ժամանակ երևի մի երեք անգամ հանրային դաշտում անընդհատ պաշտոնանկ եմ եղել, ցույցեր են եղել, ամեն ինչ եղել է, դա քաղաքական որոշման խնդիր է»,- նշել է նախկին նախարարը։