Ռուսաստանի միլիոն և ավելի բնակչություն ունեցող քաղաքներում ռուսաստանցիների խնայողության ռեժիմի անցնելուց հետո հարյուրներով սկսել են փակվել բարերը։ Օգոստոսի դրությամբ միլիոնանոց քաղաքներում հաշվվում էր 59 00 նման հաստատություն, ինչը 6 տոկոսով պակաս է, քան մեկ տարի առաջ, գրել է «Վեդոմոստի»-ն՝ հղում կատարելով 2ГИС էլեկտրոնային տեղեկատուին։ Ամենաշատ բարերը աշխատանքը դադարեցրել են Մոսկվայում (14 տոկոս) և Կրասնոդարում (10 տոկոս)։

Այս հաստատությունները սկսել են փակվել սրճարաններից և ռեստորաններից հետո։ «Kontur.Fokus»-ում ավելի վաղ հաշվարկել էին, որ հունվար-փետրվարին երկրում աշխատանքը դադարեցրել է հանրային սննդի 7 300 կետ, ինչը 29 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ։ Ռեստորանների ներկայացուցիչները դժգոհում էին, որ հաճախելիությունը տարեկան կտրվածքով միջինը նվազել է 10–15 տոկոսով, իսկ առանձին դեպքերում՝ մոտ 30–40 տոկոսով։ Ընթացիկ իրավիճակը ոլորտի ներկայացուցիչներն անվանում են ամենավատը վերջին 25 տարվա ընթացքում, գլխավոր պատճառներից մեկը բնակչության իրական եկամուտների անկումն է։

Մայրաքաղաքում այս պահին այցելուներ է ընդունում 1 900 բար։ Ընդ որում, Մոսկվայում հայտնվում են նաև նոր նմանատիպ հաստատություններ, սակայն վերջին մեկ տարում դրանք ավելի շատ փակվել են, քան բացվել, նշել է Wine Retail տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ստավցևը։ NF Group-ի տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Մոսկվայի կենտրոնական հիմնական առևտրային փողոցներում գործարկվել է հանրային սննդի 92 հաստատություն, փակվել է 118-ը։ Ընդ որում, բարերին և փաբերին բաժին է ընկել բոլոր բացումների 16 և փակումների 22 տոկոսը։

Շատ հաստատությունների հարվածել են գնողունակության նվազումը, ինքնարժեքի և հարկային բեռի աճը, ինչպես նաև մրցակցության խստացումը, նշել է «Ֆլաներ» և «Ֆոնոտեկա» նախագծերի կառավարող գործընկեր Ռուսլան Պանինը։ Ռուսներն ընդհանուր առմամբ սկսել են ավելի հաճախ մնալ տանը, ուստի բարերն արդեն մրցում են ոչ թե միմյանց, այլ տնային հանգստի հետ, նշել է Nimbo ընկերության հիմնադիր Դենիս Ներեզովը։

Mr Help & Friends, Black Hat և Perepel-ի սեփականատեր Դմիտրի Սոկոլովի խոսքով՝ թրաֆիքը հատկապես ուժեղ ընկնում է աշխատանքային օրերին, հասույթը հիմնականում ձևավորվում է ուրբաթ և շաբաթ օրերին։ Բացի այդ, ռուսաստանցիների հետաքրքրությունն ալկոհոլի նկատմամբ նվազում է. նման միտում նկատվում է մոտավորապես 2024 թվականից, նշել է Ստավցևը Wine Retail-ից։ Արդյունքում, նրա խոսքով, բարերում չի աճում նաև միջին չեկը։ «Պլատֆորմա ՕՖԴ»-ի տվյալներով՝ օգոստոսի 1-20-ը մայրաքաղաքի նմանատիպ հաստատություններում այն տարեկան կտրվածքով աճել է 1 տոկոսով՝ հասնելով 2 674 ռուբլու։ Ընդ որում, գնումների թիվը նվազել է 5 տոկոսով։

Բարային բիզնեսի գլխավոր խնդիրները մնում են աշխատավարձերի և վարձակալության բարձր ծախսերը, որոնք «ուտում» են շրջանառության մոտ կեսը, նշել է Պանինը։ Արդյունքում՝ հարկերի վճարումից և գնումներից հետո հաստատությունների շահութաբերությունը կազմում է տարեկան ընդամենը 5–8 տոկոս։ Այս կապակցությամբ փորձագետը կանխատեսել է երկրում բարերի հետագա փակում՝ ռուսաստանցիների ծախսերի կրճատման ֆոնին։