Երեմյան ընկերությունների խմբի ռեստորանները հայտնի են ոչ միայն իրենց հեղինակային ուտեստներով, այլև աղանդերի, շոկոլադի և պաղպաղակի հարուստ տեսականիով։ Շեֆ հրուշակագործ Անահիտ Միքայելյանն արդեն 9 տարի աշխատում է Երեմյան ընկերությունների խմբում։ Բազմաթիվ աղանդերներ է հեղինակել, բայց Զվարթնոց աղանդերը հատուկ դեր և նշանակություն ունի նրա համար։ Աղադները ներկայացված է ընկերությունների խմբի Կազա Նոստրա ռեստորանում։ «Զվարթնոց» աղանդերը ստեղծելիս կարևոր էր ոչ միայն գեղեցիկ և տպավորիչ աղանդեր ստանալը, այլ հայկական մշակույթի մի պատմություն հրուշակագործության լեզվով ներկայացնելը։

Ոգեշնչման աղբյուրը Զվարթնոցի տաճարն է՝ 7-րդ դարի հայկական ճարտարապետության բացառիկ կոթողներից մեկը։ Տաճարն իր ժամանակի համար առանձնացել է համարձակ ճարտարապետական լուծումներով, բազմաստիճան ծավալներով ու հարուստ քանդակազարդմամբ։ Հենց այդ ճարտարապետությունն էլ փորձել է Անահիտը տեղափոխել աղանդերի աշխարհ։

Երբ նայում ես «Զվարթնոցին», առաջինը նկատում ես նրա կառուցվածքը։ Աղանդերը կարծես փոքրիկ ճարտարապետական ստեղծագործություն լինի։ Նրա ձևը, շերտերը և դետալները հիշեցնում են տաճարի կառուցվածքն ու մեզ հասած ճարտարապետական տարրերը։ «Զվարթնոց» անվանումն ինքնին ևս գեղեցիկ խորհուրդ ունի։ Պատմական մեկնաբանություններից մեկի համաձայն՝ այն կապվում է «զվարթուն»՝ հրեշտակ բառի հետ և մեկնաբանվում որպես երկնային հրեշտակների բազմություն։ Այդ թեթևության և վեր բարձրանալու զգացողությունը նույնպես փորձել ենք պահպանել աղանդերի բնույթի մեջ։ Շեֆ հրուշակագործի համար այս աղանդերը հայկական մշակույթի անցյալի և ժամանակակից խոհարարական արվեստի հանդիպումն է։

Նա չի փորձել վերարտադրել Զվարթնոցը պարզապես որպես գեղեցիկ պատկեր։ Վերցրել է նրա գաղափարը, ճարտարապետական ռիթմը և պատմությունը ու դրանց տվել նոր կյանք՝ համի, տեքստուրայի և հրուշակագործական տեխնիկայի միջոցով։ Եվ ամենագեղեցիկ պահն այն է, երբ աղանդերը հայտնվում է հյուրի առջև, ու նա նախ մի քանի վայրկյան պարզապես նայում է դրան։ Հետո ճանաչում է ձևը, սկսում հարցեր տալ Զվարթնոցի մասին, իսկ հետո միայն համտեսում։ Այդ պահին աղանդերն արդեն պարզապես ընթրիքի ավարտը չէ։ Այն դառնում է Հայաստանի մասին ևս մեկ փոքր պատմություն, որը հյուրը կարող է իր հետ տանել որպես հիշողություն։