Հայ-ռուսական հարաբերություններում տեղի ունեցող այս լճացման կամ ճահճացման մեկնարկը տրվել է ոչ թե 2020–ին, 2021-ին կամ առավել ևս 2022-ի Պրահայի գործընթացի ժամանակ, այլ 2018–ին հայտնի իրադարձություններից հետո։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2–ին՝ Արցախի Հանրապետության օրը, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«2018–ին իշխանության եկած ուժը ի սկզբանե պլանավորված է եղել այդ գործընթացը։ Արտաքին ուժերի միջամտությամբ եկած ուժերի առջև, բնականաբար դրել են որոշակի խնդիրներ։ Այս տարածաշրջանում այդ խնդիրը եղել է Ռուսաստանին ռեգիոնից հանելը կամ նրա ազդեցությունը նվազագույնի հասցնելը։ Դրա ճանապարհներից մեկը եղել է Արցախի թեման։
Երրորդ երկրների համար որևէ նշանակություն չուներ Արցախի հայկական լինել–չլինելը, նրանց համար խնդիր էր, որպեսզի այդ կոնֆլիկտը ինչ-որ ձևով հանգուցալուծվեր, և այս իրավիճակում Ադրբեջանը գործել է իր մաքսիմալ ուժերի հնարավորություններով՝ ռազմական, դիվանագիտական, քարոզչական ճակատներում, կարողացել է թեման նաև Հայաստանի իշխանությունների տոտալ տապալումների պայմաններում բերել իր դաշտ և իր համար նպաստավոր պայմաններում լուծել»,–ասաց նա։
Անդրադառնալով երեկ Փաշինյան–Պուտին հանդիպմանը, Տիգրան Աբրահամյանն ասաց. «Երեկվա հանդիպումը մի կողմից ընդգծել է, որ առճակատումը շարունակում է, ցույց է տվել, թե կողմերի մոտեցումները որքան հեռու են միմյանցից, մյուս կողմից միակ դրական բանը այն էր, որ համենայնդեպս դեռևս պատուհանը ամբողջությամբ չի փակվել և կողմերը դեռևս հանդիպելու հնարավորությունը պահպանում են, թեև ես կարծում եմ, որ դրանով որևէ խնդիր այլևս չի լուծվելու։ Կա նպատակ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները նվազագույնի հասցնելը և Փաշինյանը գնում է այդ ճանապարհով։
ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական ռազմակայանին, ապա այն դեռևս այլ կարգավիճակով 92-93 թվականներին վահանի դեր է ունեցել թուրքական հնարավոր ներխուժումից խուսափելու համար։ Միգուցե շատերը մոռացել են, բայց 92-93 թվականներին Թուրքիան սպառնում էր որոշակի գործողություններ իրականացնել Հայաստանի ուղղությամբ, և այն ժամանակ հնարավոր եղավ իրավիճակը փրկել կամ դա թույլ չտալ, նաև ռուսական կողմի ներկայացվածության պայմաններում։
Հիմա եթե Հայաստանը գնում է հետևողականորեն Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման ճանապարհը, մի փուլում դա ենթադրում է այդ ռազմակայանի հեռացում։ Ես կարծում եմ, որ դա Ռուսաստանում շատ հստակ գիտեն, և Պուտինի այդ հայտարարությունը ոչ թե զուտ այդ պահին իր ցանկության արտահայտումն էր, այլ բխում էր այն տեղեկատվությունից, որը իրենք հնարավորինս տիրապետում են»,– ընդգծեց նա։











