Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ է արել դադարեցնել «մեմերը», ծաղրանքներն ու «ուժ ցուցադրելու» փորձերը և վերադառնալ առևտրի շուրջ լուրջ բանակցությունների, հայտնում է Associated Press-ը։
«Երբ ամերիկացիները դադարեն մեմեր անել, սրամտություններ անել ու ցույց տալ, թե որքան «պինդ» են, և սկսեն լրջորեն քննարկել այս հարցերը, մենք կկարողանանք վերսկսել բանակցությունները», — հայտարարել է Քարնին։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ առևտրային խորհրդակցությունները կարող են շարունակվել, եթե Վաշինգտոնը տրամադրված լինի կառուցողական երկխոսության։
Կանադայի վարչապետի խոսքով՝ ԱՄՆ-ի առաջարկած պայմաններն անընդունելի են Օտտավայի համար, քանի որ կարող են հանգեցնել կանադական արդյունաբերության աստիճանական կրճատմանը և ամբողջական ոլորտների փաստացի ոչնչացմանը։ Մասնավորապես, Վաշինգտոնը, նրա փոխանցմամբ, Կանադայի համար ոչ ձեռնտու պայմանների էր հասնում ավտոմոբիլաշինության ոլորտում, ինչպես նաև առաջարկում էր փոփոխություններ, որոնք առնչվում էին երկրի ֆրանսալեզու միջավայրին և մշակութային քաղաքականությանը։
Քարնին նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձել է սահմանափակել Կանադայի հնարավորությունները՝ այլ պետությունների հետ ապագա առևտրային համաձայնագրեր կնքելու հարցում։ «Կանադան ինքնիշխան պետություն է։ Մենք ազատ առևտրի համաձայնագրեր կկնքենք այն երկրների հետ, որոնց հետ կցանկանանք», — ընդգծել է վարչապետը։
Քարնիի հայտարարությունը հնչել է Վաշինգտոնի կողմից քննադատության նոր ալիքից հետո։ Երկու երկրների միջև առևտրային բանակցությունները փաստացի դադարել են օգոստոսի 21-ին։ Դրանից հետո Թրամփն առաջարկել է Օնտարիո լիճը վերանվանել «Ամերիկա լիճ» և շարունակել է քննադատել Կանադային սոցիալական ցանցերում։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Կանադան չի կարող ԱՄՆ-ի հետ առևտրային պայքար մղել «ակն ընդ ական» սկզբունքով՝ հաշվի առնելով տնտեսությունների մասշտաբների տարբերությունը։
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն այդ ընթացքում ծաղրել է Կանադայի զինված ուժերը՝ սոցցանցում հրապարակելով երկու կին կուրսանտների լուսանկար՝ «սա իրական է» մակագրությամբ։ Քարնին հրապարակումն անվանել է Պենտագոնի ղեկավարին ոչ վայել քայլ։
Բեսենթն ի պատասխան հայտարարել է, որ Քարնին իրենից և Հեգսեթից «բանավոր հանդիմանություն» է ստացել՝ հիշեցնելով, որ ավելի վաղ Կանադայի վարչապետն ինքն էր խոսում երկրների միջև «պատերազմական» վիճակի մասին։




























