Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործն ունի աշխարհաքաղաքական բնույթ, իսկ նրա քրեական հետապնդումը կարող է կապված լինել իշխանությունների՝ հնարավոր քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու և Ադրբեջանին ու Թուրքիային հետագա զիջումներ ապահովելու փորձի հետ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին նախագահի որդի Լևոն Քոչարյանը։
Մեկնաբանելով հոր դեմ քրեական գործի ընթացքը՝ Քոչարյանը տեղի ունեցողն անվանել է «Աբսուրդի հավաքածու» և նշել, որ դրանում լիարժեք իրավական գործընթաց չի տեսնում։
«Ես համոզված եմ, որ այս գործն ունի աշխարհաքաղաքական բնույթ: Որովհետև քրեական գործ, որպես այդպիսին, չկա, իրավական գործընթաց չկա. սա ուղղակի աբսուրդի հավաքածու է: Չկան որևէ ապացույցներ, ոչինչ չկա, ամեն ինչ կառուցված է ինչ-որ ենթադրությունների վրա: Եվ, բացի այդ, այս գործը հարուցվել է Նիկոլ Փաշինյանի ցուցումով», — ասել է պատգամավորը:
Քոչարյանի խոսքով՝ իշխանությունների գործողությունները կարող են մի քանի նպատակ հետապնդել։ Նա նշել է, որ չի կարող ստույգ դատել վարչապետի շարժառիթների մասին, սակայն ենթադրել է, որ խնդիրներից մեկը իշխանությանը դիմադրություն ցույց տալու ունակ քաղաքական ուժերի չեզոքացումն է։
«Կարծում եմ՝ փորձում են ճնշել բոլոր հնարավոր օջախները, որոնք որևէ կերպ կարող են դիմադրություն ցույց տալ իրեն։ Նա պարզապես ուզում է մաքրել դաշտը, մնալ մենակ։ Իսկ ինչո՞ւ է ուզում դա անել․ որովհետև նա դեռ պետք է զիջումների գնա Ադրբեջանին, Թուրքիային։ Հնարավոր է՝ հորս կալանավորելով՝ նա նաև փորձում է այդպիսով դուր գալ Ալիևին», — հայտարարել է Քոչարյանը։
Պատգամավորն ուշադրություն է հրավիրել նաև Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ների արձագանքին՝ նշելով, որ դա, իր խոսքով, վկայում էր Ադրբեջանում տեղի ունեցածի նկատմամբ դրական վերաբերմունքի մասին։
«Ես չգիտեմ, հնարավոր է՝ դա արվել է հենց ադրբեջանցի ժողովրդին նման ուրախություն պարգևելու համար։ Եվ, կրկնում եմ, կարծում եմ՝ դա արվել է նաև նրա հետագա զիջումների դեմ հնարավոր դիմադրությունը կանխելու և լռեցնելու համար», — ասել է նա։
Քոչարյանն անդրադարձել է նաև Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարության առաջիկա շփումների հետ հոր քրեական հետապնդման հնարավոր կապին։ Նրա կարծիքով՝ հայկական իշխանությունների գործողությունները չեն վկայում դրական ուղղությամբ շարժվելու մասին։
«Ինչ վերաբերում է հանդիպմանը, կարծում եմ՝ եզրահանգումը մեկն է․ այս ամենը լավ տեղ չի տանում։ Այն քայլերը, որ ձեռնարկում է այս իշխանությունը, պարզապես անհասկանալի են ու անտրամաբանական, դրանք չեն բխում մեր ժողովրդի շահերից», — հայտարարել է պատգամավորը։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին հարցին՝ Լևոն Քոչարյանը հայտնել է, որ այցելել է հորը օգոստոսի 31-ին՝ նրա ծննդյան օրը։
«Հորս տեսակցել եմ նրա ծննդյան օրը՝ օգոստոսի 31-ին։ Նա շնորհակալություն էր հայտնում բոլորին շնորհավորանքների և ջերմ խոսքերի համար։ Ինչ վերաբերում է առողջությանը, նրան նախկինի պես բժշկական հսկողություն է անհրաժեշտ», — ասել է պատգամավորը։
Նա ընդգծել է, որ խոսքը բժշկական միջամտությունից հետո անհրաժեշտ հսկողության մասին է, այլ ոչ թե մի հիվանդության, որն իբր օգտագործվում է կալանքի հարցը լուծելու համար։
«Սրտի հետ կապված վիրահատություն է եղել, որից հետո առնվազն մեկ ամիս բժշկական հսկողություն է անհրաժեշտ։ Ահա թե ինչի մասին է խոսքը։ Սա այն դեպքը չէ, երբ մարդիկ հիշում են իրենց հիվանդությունների մասին, երբ կալանքի հարց է առաջանում։ Եկեք դա հստակ արձանագրենք», — հայտարարել է Քոչարյանը։
Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները, որքանով իրեն է հայտնի, սեպտեմբերի 1-ի դրությամբ դեռևս չէին ստացել առաջին ատյանի դատարանի՝ խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։ Պատգամավորը նշել է, որ փաստաթուղթը ստանալուց հետո պաշտպանական կողմը կկարողանա համապատասխան բողոքներ ներկայացնել։
«Որքանով գիտեմ, առնվազն մինչև երեկ փաստաբանները դեռ չէին ստացել խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այդ որոշման հիման վրա պետք է բողոքներ ներկայացվեն։ Կարծում եմ՝ հիմա նրանք պետք է ստանան այդ փաստաթղթերը, ինչից հետո կհետևի բողոքարկումը», — ասել է նա։
Քոչարյանն անդրադարձել է նաև դատարանի որոշմանը, ըստ որի պետք է չտրամադրել հանրությանը նիստերի նյութերը մինչև բոլոր վկաների հարցաքննության ավարտը։ Նրա խոսքով՝ նման որոշումն արտասովոր է թվում, քանի որ նախկինում գործով դատական նիստերը լուսաբանվում էին։
«Դա իսկապես տարօրինակ էր։ Գործը երկու տարուց ավելի է ինչ ձգվում է և նախկինում տեսանկարահանումը միշտ թույլատրվում էր։ Նախկինում չէին թույլատրում ուղիղ հեռարձակումները, իսկ հիմա փաստացի չեն թույլատրել անգամ նյութերի հրապարակումը մինչև բոլոր վկաների հարցաքննվելը», — ասել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ մինչ այդ պահը հարցաքննվել է շուրջ 15 վկա, և նման սահմանափակումներ չեն կիրառվել։ Քոչարյանը կարծում է, որ որոշումը կարող էր կապված լինել որոշ վկաների, մասնավորապես ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների բովանդակության հետ։
«Դատախազը միջնորդություն ներկայացրեց, և դատարանն այդքան հեշտ ու հանգիստ համաձայնեց դրա հետ։ Ինձ համար դա նույնպես անհասկանալի էր։ Կարծում եմ՝ պատճառն այն է, որ վկաների, հատկապես ոստիկանների այդ հարցաքննությունները շատերի մոտ նույնիսկ ծիծաղ են առաջացնում, որովհետև մենք այնքան անհեթեթ բաներ ենք լսում։ Հնարավոր է՝ հենց այդ պատճառով չեն ուզում, որ հանրությունն ավելի լավ տեսնի այս ամբողջ աբսուրդը», — հայտարարել է պատգամավորը։











