Իրանցի հաքերները վերջին շաբաթներին փորձել են գրոհել ոչ միայն ԱՄՆ ջրամատակարարման համակարգերը, այլև երկրի հեռահաղորդակցության և էներգետիկ ենթակառուցվածքները, հայտնում է NBC News-ը՝ հղում անելով կիբեռսպառնալիքների վերաբերյալ կառավարական և ոլորտային տվյալներին հասանելիություն ունեցող չորս աղբյուրների:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակումներն ուղղված են եղել համացանցին միացված ավտոմատացված համակարգերի դեմ: Առայժմ այդ փորձերը չեն հանգեցրել հաջողված կոտրումների կամ ենթակառուցվածքների աշխատանքի լուրջ խաթարումների:
Միևնույն ժամանակ, իրանական կիբեռգործողությունների հետ կապ ունեցող Telegram-յան «APT IRAN» ալիքը սպառնացել է հարվածել ամերիկյան ենթակառուցվածքներին:
«Շուտով Միացյալ Նահանգները ականատես կլինեն անսպասելի և կրիտիկական իրադարձությունների էներգետիկայի, ջրամատակարարման և հեռահաղորդակցության ոլորտներում», — հայտարարել է ալիքը՝ չներկայացնելով ԱՄՆ-ի դեմ որևէ գործողության հաջող իրականացման ապացույցներ:
Անցյալ ամիս Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հայտնել էր առնվազն յոթ նահանգներում համայնքային ջրամատակարարման համակարգերի դեմ իրականացված կիբեռհարձակումների հետաքննության մասին: Ավելի վաղ NBC News-ը հաղորդել էր, որ այդ գրոհների ամենահավանական կազմակերպիչները եղել են իրանցի հաքերները: Դրանք չեն հանգեցրել համակարգերի աշխատանքի լուրջ խափանումների կամ ջրի աղտոտման:
Կիբեռանվտանգության ամերիկացի մասնագետները նույնպես զգուշացրել էին, որ իրանցի հաքերները փորձում են հասանելիություն ստանալ համացանցին միացված արդյունաբերական կառավարման համակարգերին: Կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտների օպերատորներին խորհուրդ էր տրվել ուժեղացնել դրանց պաշտպանությունը:
NBC News-ի տվյալներով՝ վերջին փորձերը տեխնիկապես համեմատաբար պարզ են եղել, սակայն դրանք դեռևս սպառնալիք են ներկայացնում, քանի որ ենթակառուցվածքների որոշ օպերատորներ օգտագործում են համացանցին միացված բազային սարքավորումները:
ԱՄՆ Կիբեռանվտանգության և ենթակառուցվածքների պաշտպանության գործակալությունը (CISA) չի պատասխանել հեռուստաալիքի մեկնաբանության հարցմանը: Սպիտակ տունը հարցերն ուղղել է ՀԴԲ-ին, որտեղ նույնպես հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը: ԿՀՎ-ն զերծ է մնացել մեկնաբանություններից:





























