ՌԴ նախագահի հետ հանդիպման դռնբաց հատվածում ոչ մի նոր բան չի ասվել. իմ ընկալմամբ ոչ ես, ոչ Ռուսաստանի նախագահը նոր բան չենք ասել. աշխատանքային մթնոլորտը դրական էր, պայմանավորվեցինք որ առաջիկայում ես այց կունենամ Մոսկվա և կքննարկենք հարցերը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր և ՌԴ նախագահ Պուտինի Բիշկեկում կայացած հանդիպմանը և դրան հաջորդած հայտարարություններին։
«Մենք նաև աշխատանքային որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեցինք, մասնավորապես գաղափարը առաջացավ, որ մենք պետք է գույքագրման ենթարկենք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ հասկացությունը՝ պատկերացնելու համար, թե դա գործնականում ինչ է նշանակում։ Այսինքն ի՞նչ տողեր կան այդ ենթավերնագրի ներքո և որ տողերն են, որի հետ կապված մենք երկուստեք ունենք նույն դիրքորոշումը և որ տողերն են, որի հետ կապված մենք ունենք այլ դիրքորոշումներ և որտեղ է, որ մենք ունենք միանշանակ դրական կարծիք և որտեղ է, որ մեր կարծիքները միանշանակ չեն»,–ասաց նա։
Անդրադառնալով հայկական ատոմակայանի խնդրին, Փաշինյանն ասաց. «Ատոմակայանի հետ կապված մենք արդեն իսկ պայմանավորված ձեռք բերել էինք, որ սեպտեմբերին մենք սպասում ենք «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովին, որպեսզի նա ներկայացնի այն առաջարկները, որ այսօր Ռուսաստանը կարող է անել Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ։
Ես նախկինում էլ եմ ասել, որ այս հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չի, մեզ անհրաժեշտ է գին/որակ լավագույն հարաբերակցությունը, ով մեզ լավագույն առաջարկը անի, մենք գնալու ենք այդ առաջարկի հետևից։
Նաև ամենատարբեր ոլորտների հարցեր ենք քննարկել, ես մեր դիրքորոշումները ասել ենք, այդ թվում երկաթուղու հետ կապված խնդիրն ենք քննարկել և ըմբռնում է ձևավորվել, որ մենք պետք է այդ հարցը որևէ ձևով լուծենք։ Ինձ համար ակնհայտ է, որ ընթացիկ իրավիճակը արձանագրել ենք, որ ինքը չի կարող երկար շարունակվել և պետք է լուծումների գնանք»։





























