Դեռ ամիսներ առաջ Ծառուկյանի ապօրինի ձերբակալումից, այնուհետև կալանավորումից հետո Հանրապետական կուսակցությունը միացել է ընդդիմադիր ուժերի հայտարարությանը, մենք Ծառուկյանի նկատմամբ այս գործողությունը համարել ենք ապօրինի, սա բացառիկ քաղաքական ռեպրեսիա է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3–ին, Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ խորհրդի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի գործին։

«Այստեղ ենք մեր կուսակից ընկերներով, որպեսզի մեր համերաշխությունը հայտնենք բոլոր քաղբանտարկյալներին, մասնավորապես պարոն Ծառուկյանին, բայց նաև բոլոր քաղբանտարկյալներին, որոնք նիկոլական ռեժիմի պատանդներ էին այսօր և ևս մեկ անգամ վերահաստատենք, որ Հանրապետականը պայքարելու է անկախական արժեքների համար։

Անդրադառնալով նախօրեին Բիշկեկում Փաշինյան–Պուտին հանդիպման մասին, նա ասաց. «Բարդ է խոսել արդյունքներից, որովհետև բանակցություններն ունեն բաց և փակ կողմեր։ Իհարկե, բաց կողմին բոլորս ծանոթ ենք, բայց կա նաև փակ մասը, որից տեղյակ չենք։

Ռուսաստանը գտնում է, ԵԱՏՄ պետությունները գտնում են, որ անհնար է երկու աթոռին նստել, անհնար է օգտվել ԵԱՏՄ բարիքներից, բայց սլանալ դեպի Եվրոպական Միություն, և Ռուսաստանի նախագահը դրա մասին խոսեց։ Հիշեցնեմ, որ Հանրապետականը միակ կուսակցությունն է, որի «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է քվեարկել 25 թվականի մարտին ԵՄ սլանալու անհեթեթ օրենքին։

ԵՄ-ում մեզ ոչ մեկ չի սպասում, դա նույն բանն է, ոնց որ ասես՝ միանանք լուսնին կամ Մարսին։ Մենք CEPA–ն ստորագրել ենք ոչ թե ԵՄ–ին անդամակցելու, այլ ԵՄ–ի հետ գործընկերային հարաբերություն հաստատելու, ինստիտուցիոնալ բարեփոխումներ արելու և ամենակարևորը՝ ԵՄ բոլոր 28 երկրները, որոնք ստորագրել են և վավերացրել են CEPA–ն, այդ փաստաթղթում ամրագրված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Եթե կուզեք առաջնայինը հենց Արցախի խնդիրն է եղել, որ մենք դա ստորագրել ենք»,–ասաց նա։

Անդրադառնալով ռուսական ռազմաբազան ՀՀ տարածքից հնարավոր հանելուն, Շարմազանովն ասաց. «ՀՀԿ–ն մշտապես գտել է և գտնում է, որ Ռուսաստանի հետ Հայաստանի դաշնակցությունը Հայաստանի համար կենսական կարևոր է, մենք ոչ միայն պաշտպանել ենք ռազմաբազայի ներկայությունը, այլ նաև 2010–ին նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի նախագահը օգոստոսի 20-ին Երևանում կնքել են համաձայնագիր, ըստ որի լրացումներ են արվել և ոչ միայն երկարաձգվել է 49 տարով ռուսական ռազմաբազայի գործունեության ժամկետը, այլև ընդլայնվել է աշխարհագրությունը։

Եթե մինչև 2010 թվականը ռուսական ռազմաբազան կարող էր պաշտպանել միայն նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանները, ապա նախագահ Սարգսյանի ջանքերով ռուսական 102-րդ ռազմաբազան պարտավորություն էր ստանձնում Հայաստանի զինված ուժերի հետ միասին պաշտպանել ամբողջ երկայնքով հայ-ադրբեջանական, հայ-իրանական, հայ-թուրքական և հայ-վրացական սահմանը։ Սա անվտանգային երաշխիք էր, որը չօգտագործեցին նաև 20 թվականի պատերազմի ժամանակ նիկոլական իշխանությունները»։

Շարմազանովը հայտարարեց, որ գործող իշխանությունը փոխում է Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորը և փորձում է Հայաստանը գլադիատոր դարձնել օտար խաղացողների ձեռքում. «Իսկ այն մարդիկ, որոնք այսօր դատապարտվում են, նրանք պաշտպանում են Հայաստանի Հանրապետության պետական շահը։

Հայաստանը մեծ ընտրություն չունի, կամ պետք է լինի Ռուսաստանի դաշնակիցը, կամ պետք է լինի Թուրքիայի նոքյարը։ Երբ որ ռուսական ռազմաբազան այստեղ է եղել, ունեցել ենք պետականամետ իշխանություն և պետականամետ ընդդիմություն, մենք չենք ունեցել պրոբլեմ»։