Գագիկ Ծառուկյանին կալանավորել են ոչ թե կոռուպցիայի համար, այլ սա ուղիղ քաղաքական պատվեր և վրեժխնդրություն է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3–ին, Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

Նշենք, որ դատարանն այս պահին քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու հարցը։

«Այս վրեժխնդրությունը զուգորդվում է անհասկանալի վատ սցենարներով, որոնք ոչ մի բարոյական սահմանի մեջ չեն տեղավորվում։ Այսօր արդեն ակնհայտ է դարձել, որ հետապնդվում են բոլոր ընդդիմադիր ուժերի ղեկավարները։ Այս պարագայում, ԲՀԿ–ից Գագիկ Ծառուկյանը, «Ուժեղ Հայաստանից»՝ Սամվել Կարապետյանը, «Հայաստան» դաշինքից՝ Ռոբերտ Քոչարյանը։ Նրանցից մեկը տնային կալանքի տակ է, մյուս երկուսը ԱԱԾ-ում են գտնվում։

Այստեղ կոռուպցիայի, թալանի կռիվ չի, այս մարդիկ կալանավորված չեն ոչ կոռուպցիայի համար, ոչ թալանի համար։ Եթե նկատի ունեք Ռոբերտ Քոչարյանին, նա կալանավորված չի ոչ հոկտեմբերի 27-ի, ոչ մարտի 1–ի, ոչ կոռուպցիայի համար, այլ իր պարտականությունները կատարելու համար։

Գագիկ Ծառուկյանի մասին բոլորն անխտիր գիտեին, նույն Նիկոլ Փաշինյանի համար ինքը եղել է խոշոր գործարար, իսկ այսօր ինքը ոխերիմ թշնամի է համարում։ Գագիկ Ծառուկյանին հետապնդում են, որովհետև իրենց ստվերի պես հետևում է, որ իրենք գողացել են ԲՀԿ–ի ձայները, իրենց ստվերի պես հետևում է, որ իրենք կեղծել են ընտրությունները ու ընտրությունները կեղծելու կնիքը դրել է «Բարգավաճ Հայաստանը»՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի։

Ակնհայտ է որ այս իշխանությունը իր վերջին չեղած բրենդը՝ ընտրություն չկեղծելը, խախտել է, ու այսօր վրեժխնդրություն է անում, իսկ վրեժխնդրությունը լավ բանի չի տանում։

Եթե իրենք խոսում են վենդետայից, վենդետան կիրառելի է եղել Կորսիկայում ու Սիցիլիայում ու սերնդեսերունդ շարունակվում է ու ես չեմ ուզենա, որ ինչ-որ մեկի սերունդը պատասխան տա իր նախնիների կատարածի համար»,–ասաց նա։

Մեսրոպ Մանուկյանը նաև հայտարարեց. ««Մեր թիմը, «Հայաստան» դաշինքը, մեր աջակցությունը ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին, նրա ընտանիքին, որովհետև այս պարագայում հետապնդվում է ոչ միայն Գագիկ Ծառուկյանը, այլ նաև ամբողջ իր ընտանիքը»։