Դատարանից ինչ-որ հատուկ ակնկալիքներ չունեմ, որովհետև ակնհայտ է քաղաքական պատվեր է, երկրի իշխանության ղեկին հատուկ է անձը ամեն կերպ և ամեն ինչով սպառնում է մարդկանց, իսկ ուժային կառույցները, առհասարակ, այս համակարգը խոնարհաբար ծառայում է մեկ անձի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3–ին, Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի գործին։

«Երկիրը թևակոխել է նոր, ավելի ծանր բռնությունների, ռեպրեսիաների փուլ, և Նիկոլ Փաշինյանը փորձում է երկրում հաստատել մեկ մարդու, մեկ անձի իշխանություն։ Մեր խնդիր է այսօր, փորձել երկրում ստեղծել ընդդիմադիր այնպիսի մի դիմադրության ճակատ, այնպիսի մի համակարգ, որ կարողանա այս ռեպրեսիաներին դիմագրավել և այն օրակարգը, որ թշնամու կողմից պարտադրված է մեզ, մեր պետությանը, սա կանխել»,–ասաց նա։

Սաղաթելյանի խոսքով, եթե այդ դիմադրությունը չձևավորվի, Նիկոլ Փաշինյանը անելու է այն, ինչ որ պլանավորել է, իսկ դա նշանակում է Հայաստանի պետականության վերջնականապես փլուզում. «Ամեն ինչ հասնելու է անդառնալի կետի, որ այլևս վերադարձնել հնարավոր չի, հետևաբար ինքնապաշտպանական բնազդն է թելադրում, որ պետք է տեղի ունենա առաջնահերթ օրակարգերի շուրջ լայն կոնսոլիդացիա:

Կան խոսակցություններ, քննարկումներ, հանդիպումներ, ինչ-որ հատուկ բան չի, բայց դեռ վերջնական արդյունք չկա: Հույս ունեմ, ամեն դեպքում քաղաքական դաշտը, առողջ ուժերը այդ ուղղությամբ են նայում և կոնկրետ արդյունքներ կունենան»։

Անդրադառնալով երեկ Փաշինյան–Պուտին հանդիպմանը և ռուսական ռազմաբազան ՀՀ–ից դուրս բերելու հնարավորությանը, Սաղաթելյանն ասաց. «Այդ հանդիպումից արդյունք ակնկալել պետք չի, որովհետև արդյունք չկա։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում մենք մտնում ենք մի ծանր փակուղու մեջ՝ մի շարք ծանր հետևանքներով։ Ամեն ինչ անելու են, որպեսզի ռուսական բազան Հայաստանից դուրս գա, Նիկոլ Փաշինյանը ունի պարտավորություն ռուսական ազդեցությունը Հայաստանում զրոյացնելու, այդ թվում նաև ռուսական բազան Հայաստանից հանելու՝ այն թուրքականով փոխարինելու համար։ Տեղի է ունենում այդ պրոցեսը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, կարծես մեսիջը հստակ էր, որ եթե բազայով փորձում եք շանտաժ անեք, եթե պետք է, վաղն էլ կհանենք։ Իմաստը որն է, երկիրը քաշել նոր, ավելի ծանր մասշտաբային արկածախնդրության մեջ։ Մի բանի համար ինքը ունի պարտավորություն և ցանկանում է այդ պարտավորությունները իրականացնել, իսկ դրա համար մենք գին ենք վճարում»։