Զովաբեր գյուղում ողբերգական ավարտով դեպքը տեղի է ունեցել մահացած 28–ամյա Արսեն Բաղդասարյանի տան մոտ, որտեղով անցնում է գետը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում պատմեց Զովաբերի վարչական ղեկավար Սամվել Եսայանը՝ անդրադառնալով երեկվա ողբերգական ավարտով դեպքին, երբ մետաղալարով ձուկ որսալու ժամանակ Արսենի 25–ամյա ընկերը՝ Գուրգեն Վարդանյանը, հոսանքահարվել ու մահացել էր։
«Օգոստոսի 30-ին, մեր Զովաբեր բնակարանում իրոք շատ ցավալի դեպք կատարվեց, և մենք մի երիտասարդ տղա կորցրեցինք։ Չգիտեմ՝ տղաների մտքով, թե ինչի է անցել ձուկ որսալ։ Իրենց տան մոտով անցնում է Հրազդան գետը։ Հենց այդտեղ տղաները, չգիտեմ ինչի, փորձել են ձուկ որսալ ու այդ ցավալի դեպքը եղել է։
Երկու ընկերներով են եղել՝ Արսեն Բաղդասարյանը և 25–ամյա Գուրգեն Վարդանյանը։ Երկուսն էլ ամուսնացած չեն։ Աշխատող, լավ ընկերասեր, մարդասեր, մարդամոտ երիտասարդներ էին, համեստ երիտասարդներ էին երկուսն էլ։ Ցավոք հենց տեղում Գուրգեն Վարդանյանը հոսանքահարվել ու մահացել է, իսկ Արսեն Բադասարյանը գտնվում էր ծանր վիճակում, շտապօգնությունը տեղափոխեց Հրազդանի հիվանդանոց, այնտեղից արդեն տեղափոխվեց Երևան ու գոնե այս երկրորդ երիտասարդի պահով հրաշք կատարվեց, հիմա լավ է, արդեն հիվանդանոցից դուրս է գրվել և գտնվում է իր ընտանիքում։
Գուրգեն Վարդանյանին արդեն մեկ օր առաջ հուղարկավորել ենք գյուղի գերեզմանատանը։ Գուրգենն ապրում էր գյուղում, շատ համեստ, ամաչկոտ, օրինակելի երիտասարդ էր։
Երկուսն էլ շինարարության մեջ էին աշխատում։ Գուրգենը ունի իրենից մեծ մեկ եղբայր և փոքր մեկ քույր։ Շատ լավ ընտանիք են, Գուրգենի մայրը մեր գյուղապետարանի հավաքարարն է, մեր գործընկերն է։ Իրենք այդտեղ ունեն պոմպակայան, որից ոռոգման ջուր են վերցնում, այսինքն գետի ափին կա այդ հոսանքը, իրենք հոսանքը լարով միացրել են ու փորձել են գցել ջրի մեջ, որպեսզի ձուկ դուրս գա»,–ասաց նա։
Սամվել Եսայանի խոսքով, արդեն մի քանի օր է, որ սուգ է գյուղում. «Բոլորը ապշած են, բոլորը ցավում են Գուրգենի մահվան կապակցությամբ։ Այստեղ մի փոքր գոնե հուսադրողն այն է, որ երկրորդ երիտասարդը փրկվեց»,–ասաց գյուղապետը։
Գյուղի բնակիչներից մեկն էլ նշեց, որ Գուրգենը համեստ, անշահախնդիր երիտասարդ էր, սիրված, քանդակագործ, շատ հարգված երիտասարդ էր։











